Հայաստանի ցածր տնտեսական ակտիվության պատճառը 2016 թ. ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումն է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվությունը վկայում է, որ Հայաստանի 2016 թվականի ցածր տնտեսական ակտիվությունը էականորեն պայմանավորված է եղել Ռուսաստանից դրամական փոխանցումների շարունակվող կրճատմամբ:
Վերջինիս բացասական ազդեցությունը մեղմվել է տարվա ընթացքում իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ:
ՌԴ-ից դրամական փոխանցումները չորրորդ եռամսյակում ավելացել են 5 տոկոսով, որը հանգեցրել է տարեվերջին ներքին պահանջարկի աճի տեմպի արագացմանը:
ԿԲ-ի հաղորդմամբ, արձանագրվել է ներքին պահանջարկի 0,8 տոկոսանոց աճ, որի մակարդակը դեռևս ցածր է իր հավասարակշռից: Հայաստանի տնտեսական աճը արագացնելու համար ակնկալվում է աստիճանաբար վերականգնել ներքին պահանջարկը, արդյունավետ իրականացնել արտահանմանն և ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության մի շարք ծրագրերը, կարևոր գործոններ են նաև արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավումը և կառուցվածքային բարեփոխումները:
Ակնկալվում է, որ 2017 թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 2,2-3,2 տոկոս, որն աստիճանաբար արագանալով` չորրորդ եռամսյակում կկազմի 3,2-4,4 տոկոս:
Ցուցանիշը ակնկալվում է ապահովել արտահանման հնարավորությունների բացահայտման միջոցով՝ արտահանման աջակցությանն ուղղված քաղաքականությամբ: