Առաջին անգամ կայանալու է ղարաբաղյան հակամարտության հանրային քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
«Նոր զարգացումներ ղարաբաղյան հակամարտությունում» թեմայով կլոր սեղանը կանցկացվի փետրվարի 15-ին Մյունխենում, որտեղ ընթանում է անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը։
Մյունխենի համաժողովի կայքում հաղորդվում է, որ Փաշինյանն ու Ալիևը կխոսեն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, քննարկման մոդերատորը կլինի Ռուս-ամերիկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սելեստա Վալանդերը։
Անվտանգության մյունխենյան համաժողովի մասին
Այս ամենամյա համաժողովն առաջին անգամ անցկացվել է 1962 թ-ին։ 1998 թ-ից միջոցառումը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից։
Համաժողովին առաջին երեսուն տարիներին մասնակցում էին ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքական առաջնորդները, քաղաքագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 1990-ականներից համաժողովին մասնակցում են նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ներկայացուցիչները։
Այս տարի Մյունխենի անվտանգության համաժողովն աշխատանքը սկսել է փետրվարի 14-ին։ Դրան մասնակցում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, Կանադայի և Նիդերլանդների վարչապետներն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարները։