Հայաստանի վարչապետը դիմել է սփյուռքահայությանը՝ հորդորելով մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը
Վարչապետը կոչ է արել ուրիշների վրա հույս չդնել և Հայրենիքի ապագան կերտել սեփական ուժերով. «Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը: Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով»:
Նախօրեին Facebook-յան իր էջում տարածած կոչում Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սփյուռքը պատասխանատվություն ունեն իրար նկատմամբ, քանի որ մեկ ամբողջի երկու մասն են՝ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ, և այդ պատասխանատվությունը «համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ»:
Վարչապետը նշել է, որ անկախության 25 տարիների ընթացքում եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ՝ սխալներ՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները՝ վարչապետն ընդգծում է, որ այժմ սխալվելու իրավունք չունենք և պետք է խելացի օգտագործել երկրի մրցակցային առավելությունները:
«Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով: Մենք գնում ենք փոփոխությունների և այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձև՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար», — ընդգծել է նա:
Կառավարության ղեկավարը նշում է, որ համահայկական նպատակներին հասնելու համար հարկավոր է կառավարման նոր մշակույթ ստեղծել, որի կառուցմանը կոչ է անում մասնակցել սփյուռքի կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին.
«Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված… Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք»: