Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձի և վիրավոր դեռահասի մասին։ Ադրբեջանը հերքում է տեղեկությունը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկին անհանսգիստ է։ Մարտի 30–ին հայկական լրատվամիջոցները լուրեր էին հրապարակել Տավուշի մարզի երեք գյուղերի գնդակոծության մասին՝ վկայակոչելով բնակիչների և համայնքապետերի հայտնածը։ Խոսքը Կոթի, Ոսկևան և Բաղանիս գյուղերի մասին էր։
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լրագրողներին հաղորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիայի փորձի մասին։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինվորականների փորձը կասեցվել է, սակայն գյուղերի ուղղությամբ կրակոցների հետևանքով դեռահաս է վիրավորվել։
Հայկական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ 14-ամյա դեռահասը վիրավորվել է կրծքի շրջանում, նրան վիրահատել են Նոյեմբերյանի հիվանդանոցում և արդեն կազմակերպվում է նրա տեղափոխումը երևանյան հիվանդանոց։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է նաև․
«[Ադրբեջանական կողմի] կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Հայկական կողմից զոհեր չկան, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող»։
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հերքել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին հայկական աղբյուրների հաղորդագրությունները․
«Հայտարարում ենք, որ մեր սահմանային հսկիչ անցակետերի կողմից հրադադարի խախտման մասին հայկական լրատվամիջոցների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, մեր ստորաբաժանումները չեն կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ»։
Բացի այդ, ադրբեջանական սահմանապահները պնդում են, որ մարտի 30–ին կրակոցներ են արձակել Հայաստանի Զինված ուժերը նույն Բաղանիս և Ոսկևան գյուղերի հատվածից։