Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից
Մայիսի 18-ին՝ նշանակված ժամին (16:00), դատավորը հրապարակեց իր վճիռը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաշվի է առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։
Ավելի քան հինգ ամիս Քոչարյանը կալանքի տակ էր սահմանադրական կարգը տապալելու և 3մլն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով։
Այժմ Քոչարյանի գործով դատավարությունը կշարունակվի, սակայն նա այդ ընթացքում կալանքի տակ չի լինի։
Մեղադրվող նախկին նախագահը ներկա չէր դատարանի որոշման հայտարարման պահին։ Նրա փաստաբանները հայտարարեցին, որ մոտակա ժամերին իրենց վստահորդն ազատ կարձակվի։
Ի՞նչ էր տեղի ունենում դատավորի որոշումը հրապարակելուց առաջ
Մայիսի 18- առավոտյան նախկին նախագահի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը, շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Նա պահանջում էր երկրի իշխանությունների և իրավապահ մարմինների միջամտությունը։ Նա հայտարարեց, որ անհրաժեշտ է կասեցնել սադրիչ գործողությունները, որոնք նախաձեռնել է խորհրդարանի՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ Ֆեյսբուք սոցիալական ցանցում պատգամավորը հետևյալ գրառումն էր արել․
«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը: Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ: Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր 13:00-ին բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի մոտ․․․»։
• Դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վճիռ է կայացրել
• Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում կալանքից հետո
• Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
Հետագայում Հայկ Սարգսյանը հեռացրել էր այս գրառումը, սակայն այն հասցրել էր տարածվել։
Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ պատգամավորը խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը․
«Սա ոչ այլ ինչ է, քան դատավորի նկատմամբ ճնշում գործադրել։ Եվ այս ամենից հետո մեզ ասում են, որ հիմա Հայաստանում բացառվում է դատավորների վրա ճնշում գործադրե՞լը։ Այս պնդումը հեքիաթ է։ Վերջին մեկ տարում դատավորների վրա ճնշումը կտրուկ ավելացել է»։
Քոչարյանի փաստաբանը կոչով դիմել է Հայաստանի նախագահին՝ խնդրելով կատարել սահմանադրական կարգը պահպանելու՝ Սահմանադրությամբ նրա վրա դրված պարտականությունը․
«Այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, և որը տարածվում է իրենց կողմնակիցների էջում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Այսինքն հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որ դատավորը պարոն Քոչարյանին շարունակի պահել կալանքի տակ»։
Մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբանը նաև կոչ արեց գլխավոր դատախազին այս հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեական գործ հարուցել։ Դրա համար, ըստ փաստաբանի, հիմք է ծառայում դատարանի վրա ճնշում գործադրելու ու ցանկալի վճիռ ստանալու փորձը։
Ոստիկանապետին նա խնդրեց անհապաղ միջոցներ ձեռնարկել պատգամավորի հայտարարած ակցիան թույլ չտալու համար։
Կոչ հնչեց նաև Հայաստանի վարչապետի հասցեին․
«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի ձեր հավանությունը: Հարգելի պարոն վարչապետ, ես ձեզ կոչ եմ անում թույլ չտալ, թեկուզ վերջին պահին կանխել այս զարգացումները»։
Ինչի՞ մեջ է մեղադրվում նախկին նախագահը․ մանրամասներ
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008թ-ի իրադարձությունների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ էր զոհվել, նրանցից երկուսը իրավապահ մարմինների ներկայացուցիչ էին։
Այդ գործով Քոչարյանն արդեն կալանքի տակ էր 2018թ-ի դեկտեմբերից, իսկ 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ 927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը կապված էր 2018թ-ին նոյեմբերին կաշառք տալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։ Նրա հայտարարությունը վերաբերում էր Քոչարյանի նախագահության տարիներին։
«Ես արաբների հետ գործարք էի ձևակերպել, և որպեսզի ինձ չխանգարեն, վճարել էի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին», — մամուլի ասուլիսին հայտարարել էր Համբարձումյանը։
Ըստ նրա՝ խոսքն արաբ շեյխին լեռնաարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսեր վաճառելու մասին էր։ Գործարքի գումարը կազմում էր 40 մլն դոլար։
Քոչարյանը հայտարարել է, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի բացառվում ենթադրվող կաշառքի մասին գործով։
Դատական լսումները շարունակվեցին չորս օր։
Առաջին երեք օրերի մանրամասները՝
Հայաստանի նախկին նախագահին կալանքից ազատելու հարցը ձգձգվում է նյութում
Մանրամասները նախկին նախագահի գործով խափանման միջոցի պահպանման կամ փոփոխման վերաբերյալ դատական լսումների վերջին օրվա մասին
Ազատե՞լ Հայաստանի նախկին նախագահին կալանքից՝ դատավորը կորոշի երկու օրում նյութում
Դատարանի դահլիճից դուրս
Դատարանի շենքի մոտ ավելի շատ մարդ էր հավաքվել, քան այն օրերին, երբ դատական լսումներ էին անցկացվում։ Իրավիճակը ծայրահեղ լարված էր։
Բարդ է ասել, թե որքանով էր դա պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչի արդյունքը։
Բախումներ թույլ չտալու համար դատարանի շենքի դիմաց ոստիկանների թիվը նույնպես ավելացվել էր։
Նախկին նախագահին ազատ արձակելու կողմնակիցներն ու հակառակորդները փորձում էին միմյանց հետ պայմանավորվել չվիրավորել միմյանց, ինչպես արել էին դատական նախորդ չորս նիստերի ընթացքում։ Սակայն դա դժվարությամբ էր ստացվում․ մարդիկ ծայրահեղ լարված էին։
Նախկին նախագահի կողմնակիցները վանկարկում էին «Ռոբերտ՝ հերոս», հակառակորդները՝ «Ռոբերտ՝ հանցագործ»։
Ընդ որում, երաժշտությունն ուղեկցում էր երկու ակցիաներն էլ, ինչպես նախորդ օրերին։
Դատավորի որոշման հրապարակումից հետո Քոչարյանի կողմնակիցները ցնծում էին, իսկ նրան ազատ արձակելու հակառակորդները լքեցին դատարանին հարող տարածքը։
«Մարտի 1»-ի գործն ու Քոչարյանի կալանքի նախապատմությունը
2018թ-ի դեկտեմբերից Քոչարյանը կալանքի տակ էր «Մարտի 1»-ի գործով։ Խոսքը 2008թ-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ էին անցկացնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։
Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։
«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։
Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։
Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։
Այնուհետև՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։
Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։
Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում է։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վրեժ լուծել իրենից։
Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում
Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։
2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։