Դատական նիստին զուգահեռ, արդեն երրորդ օրն է, ինչ երկու ակցիաներ են ընթանում՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը կողմ և դեմ։ Բոլոր մանրամասները՝ նյութում" />

Հայաստանում դատարանը դեռ շարունակում է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը

Դատական նիստին զուգահեռ, արդեն երրորդ օրն է, ինչ երկու ակցիաներ են ընթանում՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը կողմ և դեմ։ Բոլոր մանրամասները՝ նյութում

Թարմացում

2019 թ-ի մայիսի 15

Դատարանը շարունակել է քննել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։ Վճիռ կայացնել չհաջողվեց նաև այսօր․ կրկին ժամանակը չհերիքեց բոլոր նախանշված ելույթների համար։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-ին։

Դատախազությունն այսօրվա նիստի գրեթե ամենասկզբից միջնորդություն ներկայացնեց այն փակ ռեժիմով անցկացնելու։ Սակայն դատավորը չբավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Եվ Քոչարյանի փաստաբանի երկար խոսքը հնչեց բոլորի ներկայությամբ։ Դատավորի այն նկատառմանը, թե գործընթացը ձգձգելու տպավորություն է ստեղծվում, պաշտպանը պատասխանեց․ նա այս չափ մանրամասն չէր ներկայացնի գործը, եթե չլիներ այս հնարավորությունը՝ վերջապես, մեծ լսարանի առջև ելույթ ունենալու։

Նախկին նախագահի գործով նախորդ նիստերը դատարանում փակ ռեժիմով էին անցկակցվել։

Գործի բոլոր մանրամասներն ու այն մասին, թե ինչպես են անցել նախորդ երկու օրվա նիստերը՝ հաջորդիվ։

2019թ-ի մայիսի 14

Երկու օր է, ինչ դատարանը քննում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ և այս գործով կալանավորվել է 2018թ-ի դեկտեմբերին։ Սակայն ավելի ուշ՝ 2019թ-ի փետրվարին, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեց նաև 927մլն դրամ կաշառք ստանալու համար։

Դատարանը վճիռ է կայարել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

•  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում կալանքից հետո

Հայաստանի երկրորդ նախագահի նոր մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալն է

Երկրորդ նախագահը չի ընդունում մեղադրանքներից ոչ մեկը, նրա փաստաբանները պարբերաբար նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացրել և մերժում ստացել։ Դա բացատրվել է նրանով, որ, ազատության մեջ գտնվելով, Քոչարյանը կարող է օգտագործել իր կապերն ու ազդել քննության ընթացքի վրա։

Առաջին օրը դատական նիստը ձգձգվեց, և դատավոր Դավիթ Գրիգորյանը ստիպված էր հետաձգել այն։

Երկրորդ օրն՝ աշխատանքային օրվա ավարտին, մեղադրյալի փաստաբանները խնդրեցին դատավորին նիստը տեղափոխել մայիսի 15-ին։ Հայաստանի բնակիչները քննարկում են դատավարության ընթացքն ու անհամբեր սպասում դատարանի վճռին։ Բոլորը ստիպված են սպասել առնվազն ևս մեկ օր։

JAMnews-ը շարունակում է հետևել գործին և կներկայացնի դատավճիը, հենց այն հրապարակվի։

Քոչարյանը ներկա էր

Դատական նիստը, որի ընթացքում քննվում էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, սկսվել է մայիսի 13-ին։ Քոչարյանը ներկա էր նիստին։ Նրա կողմնակիցները դիմավորեցին նրան ոգևորված բացականչություններով և «Ազատությո՜ւն» վանկարկումներով։

Առաջին օրը երկրորդ նախագահի փաստաբաններն ինքնաբացարկ հայտարարեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Նրանք դրա համար երեք հիմնավորում ներկայացրին։ Նշեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մեղադրական գործընթացում մեղադրող կողմի ղեկավարն է, դատարանի դահլիճ մտավ ծառայողական մուտքից։ Դա փաստաբաններին տեղիք տվեց մտածելու, որ դատարանը չի պահպանում կողմերի հավասարության սկզբունքը։

Փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի հիմնավորման երկրորդ կետն այն է, որ դատավորը կարճ ժամկետի պատճառով չէր կարող հասցրել ծանոթանալ գործի ութսուն հատորներին։

Երրորդ հիմքը դատավոր Դավիթ Գրիգորյանի կարգապահական պատիժն էր։ Ավելի վաղ նա հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցն, ու Գերագույն դատական խորհուրդը նրան դրա համար նախազգուշացում էր հայտարարել։ Մայիսի յոթին գործը կրկին Դավիթ Գրիգորյանին էր փոխանցվել։

Դատավորները հրաժարվում են քննել Քոչարյանի գործը

Դավիթ Գրիգորյանը միակը չէ, որ փորձել է հրաժարվել այս գործից։ Եվս երեք դատավոր՝ Նելի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանն ու Վարդան Գրիգորյանը, նույնպես ինքնաբացարկ էին հայտարարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով։

Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն էր հայտարարել դատավոր Նելի Բաղդասարյանին և զգուշացում՝ դատավոր Հարություն Մանուկյանին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ Գերագույն դատական խորհուրդը կորոշի, թե արդյոք դատավորների ինքնաբացարկները քաղաքական ենթատեքստ ունեն։

Բախումներ՝ դատարանի դալիճից դուրս

Դատարանի դահլիճից դուրս ժամանակ առ ժամանակ բախումներ էին տեղի ունենում նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև։

Քոչարյանի կողմնակիցները «Արդար դատավարություն՝ առանց վենդետայի» պաստառներով էին եկել և վանկարկում էին՝ «Ազատությո՜ւն Ռոբերտ Քոչարյանին»։

Առաջին օրը հակառակորդների թվում էր նաև բողոքի «պառկած» ակցիաներով հայտնի քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը վանկարկում էր՝ «Ռոբիկ՝ մարդասպա՜ն»։ Դա վրդովեցրել էր Քոչարյանի կողմնակիցներին, որոնք այդ պահվածքը նախկին նախագահի անմեղության կանխավարկածի խախտում էին համարել։ Ծեծկռտուք էր սկսվել, Քոչարյանի կողմնակիցներն ակտիվիստի ձեռքից խլել էին պաստառը, նրանցից մեկը շշով հարվածել էր Գասպարիի դեմքին։

• Քաղբանտարկյալներ՝ ըստ էությքն։ Գասպարին նրանցից մե՞կն է

Ոստիկանները պարբերաբար ստիպված էին բաժանել ակցիայի մասնակիցներին։ Քոչարյանի երեք կողմնակիցները բերման էին ենթարկվել, երկուսն ինքնակամ էին ոստիկանություն ներկայացել։ Միջադեպի հետաքննություն է ընթանում։ Բոլոր բերման ենթարհվածներն ազատ են արձակվել։

Իսկ նախկին նախագահի ազատ արձակմանը կողմ և դեմ ակցիաները շարունակվել են նաև գործի քննության երկրորդ օրը։ Եվ դրանք սկսվել են դատական նիստից մի քանի ժամ առաջ։ Իրավիճակը ծայրահեղ լարված էր, և ոստիկանները պատ էին կազմել երկու ակցիայի մասնակիցների միջև՝ բախում թույլ չտալու համար։

Մանրամասներ դատական նիստից

Երկրորդ օրը դատավորը, նախևառաջ, հայտարարեց Քոչարյանի փաստաբաններին մերժելու իր որոշման մասին, որոնք միջնորդում էին իր ինքնաբացարկը։ Այնուհետև շարունակվեցին նախկին նախագահի փախանման միջոցը փոխելու գործով լսումները։

Մեղադրող կողմը պահանջեց չփոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով իր դիրքորոշման նույն փաստարկը․ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի անաչառ քննությանը։

Պաշտպանները սկզբից ներկայացրին Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախարարներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտարարությունը։ Նրանք խնդրել էին դատարանին ԼՂ առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել և հայտարարել, որ երաշխավորում են՝ Քոչարյանն ազատության մեջ չի խանգարի քննության ընթացքին։

Փաստաբանները պնդում էին, որ այս գործընթացը քաղաքական հաշվեհարդարի փորձ է։ Նրանք մանրամասն ներկայացրին իրավիճակը, որի համար մեղադրվում է Քոչարյանն՝ իրենց վստահորդի տեսանկյունից։

Իր փաստաբանների հայտարարություններին մի քանի անգամ միջամտեց նաև Քոչարյանն ու դժգոհություն հայտնեց քննիչների աշխատանքի և ընդհանուր առմամբ նախաքննության որակից։

«Մարդիկ հարցաքննվում են, երբ հարցաքննության ժամանակ տեսնում են` իրենց  ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», – ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործն ու Քոչարյանի կալանքի նախապատմությունը

2018թ-ի դեկտեմբերից Քոչարյանը կալանքի տակ էր «Մարտի 1»-ի գործով։ Խոսքը  2008թ-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ էին անցկացնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։

Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

Այնուհետև՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում է։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վրեժ լուծել իրենից։

Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։

Քոչարյանի որդու հայտարարությունը

Նախկին նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը մայիսի 13-ին դատական նիստից առաջ նույնպես հայտարարել էր լրագրողներին, որ իր հորն առաջադրված մեղադրանքներն անձնական վրեժխնդրություն են․

«Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է, և, բնականաբար համամիտ եմ այն ամենի հետ, ինչ ասում է հայրս, ինչ ասում են մեր պաշտպանները։ Դուք տեսել եք՝ բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը»։

Այն հարցին, թե այդ ինչ փաստեր են, Լևոն Քոչարյանը պատասխանել է․

««Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս», կարծում եմ սա է»։

Խոսքն այն արտահայտության մասին է, որը հնչել է Հայաստանի ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի գաղտնալսման ժամանակ։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ձայնագրությունում պատմում է այն մասին, որ պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և դատարանի վճիռ ունենալ, որը պետք է թույլ տա կալանավորել նախկին նախագահին։

Համացանցում բարձրաստիճան ուժայինների մասնավոր զրույցի աուդիոձայնագրություն է հայտնվել։ Ի՞նչ են նրանք խոսել

Հայաստանի լրատվամիջոցները ենթադրություններ էին հաղորդում, որ գաստնալսումն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից։

Էլ ո՞վ է ներգրավված «Մարտի 1»-ի գործում

Այս գործում ներգրավված են ևս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ․

  • Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (2008թ-ին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը);
  • Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը (2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարի, Երևանի կայազորի պետի պաշտոններն էր զբաղեցնում),
  • Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը (2008-ին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի պետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները)։

Սակայն նրանք ազատության մեջ են։ Օհանյանի և Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկիրը չլքելու ստորագրություն, Խաչատուրովը ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում