Քոչարյանի գործի մանրամասները․ մեղադրող և պաշտպանող կողմի դիրքորոշումներն, ազատ արձակելու կողմնակիցների և հակառակորդների ակցիաներն, ինչպես նաև երաշխավորներն՝ ի դեմս երկու նախագահների" />

Ազատե՞լ Հայաստանի նախկին նախագահին կալանքից՝ դատավորը կորոշի երկու օրում

Քոչարյանի գործի մանրամասները․ մեղադրող և պաշտպանող կողմի դիրքորոշումներն, ազատ արձակելու կողմնակիցների և հակառակորդների ակցիաներն, ինչպես նաև երաշխավորներն՝ ի դեմս երկու նախագահների

Առավոտից մինչև ուշ երեկո մայիսի 16-ին շարունակվում էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատավորը լսեց երկու կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Իր վճիռը նա կհայտարարի մայիսի 18-ին ժամը 16:00-ին։

JAMnews-ը լրացուցիչ կհաղորդի դատավորի որոշման մասին։

Ինչի՞ մեջ է մեղադրվում նախկին նախագահը

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008թ-ի իրադարձությունների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ էր զոհվել, նրանցից երկուսը իրավապահ մարմինների ներկայացուցիչ էին։

Դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վճիռ է կայացրել

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում կալանքից հետո

Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ

Այդ գործով Քոչարյանն արդեն կալանքի տակ էր 2018թ-ի  դեկտեմբերից, իսկ 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ 927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը կապված էր 2018թ-ին նոյեմբերին կաշառք տալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։ Նրա հայտարարությունը վերաբերում էր Քոչարյանի նախագահության տարիներին։

«Ես արաբների հետ գործարք էի ձևակերպել, և որպեսզի ինձ չխանգարեն, վճարել էի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին», – մամուլի ասուլիսին հայտարարել էր Համբարձումյանը։

Ըստ նրա՝ խոսքն արաբ շեյխին լեռնաարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսեր վաճառելու մասին էր։ Գործարքի գումարը կազմում էր 40 մլն դոլար։

Քոչարյանը հայտարարել է, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես․ գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի բացառվում ենթադրվող կաշառքի մասին գործով։

Դատական լսումները շարունակվեցին չորս օր։ Առաջին երեք օրերի մանրամասները՝ 

Հայաստանի նախկին նախագահին կալանքից ազատելու հարցը ձգձգվում է  նյութում

Դատի չորրորդ օրը իրավիճակը դահլիճում

Դատարանը լրագրողներին հնարավորություն տրվեց ներս մտնել հենց դատարանի դահլիճ։ Ավելի վաղ նրանք, ինչպես և մյուս ներկա գտնվողները՝ նախկին նախագահին ազատ արձակելու կողմնակիցներն ու հակառակորդները, դահիլճում էին, սակայն ապակու հետևում։ Եվ նրանք չէին կարողանում լսել դատավարության բոլոր մասնակիցներին, քանի որ բարձրախոսները միայն մասամբ էին լսելիություն ապահովում։

Չորրորդ օրը դատարանի դահլիճում իրավիճակը սրվեց․ վեճեր առաջացան դատախազների և փաստաբանների միջև։ Պաշտպանությունը պահանջում էր, որ դատավորը պատժամիջոցներ կիրառի մեղադրող կողմի հանդեպ իրենց հասցեին արված ծաղրական արտահայտությունների համար։ Դատախազները հայտարարեցին, որ ավելի վաղ փաստաբաններն իրենց ծաղրական ժեստեր էին թույլ տվել։ Դատավորը բոլորին կոչ արեց կոռեկտության սահմանները չանցնել։

«Բանակցություններ»՝ դատարանի դահլիճից դուրս

Իսկ դատարանի շենքի մոտ չորրորդ օրն իրավիճակն ավելի հանգիստ էր։ Նախկին նախագահին ազատ արձակելու կողմնակիցներն ու հակառակորդները դատական լսումների առաջին իսկ օրվանից ակցիաներ էին անցկացնում։ Ընդ որում, դրանք միշտ սկսվում էին դատական նիստից առաջ։

Առաջին օրն աստեղ նույնիսկ բախումներ եղան, և մի քանի մարդ ձերբակալվեց։ Երկրորդ ու երրորդ օրը լեզվակռիվ տեղի ունեցավ՝ ընդհուպ մինչև բղավոցներ և ցենզուրայից դուրս հայհոյանքներ։ Սակայն չորրորդ օրն առավոտից կողմերի ներկայացուցիչներն իրավիճակը քննարկեցին և խոստացան լարվածություն չստեղծել և միմյանց չվիրավորել։ Չնայած խոստմանը կատարելու ձգտմանը՝ ժամանակ առ ժամանակ նյարդային բռնկումներ էին լինում։

Իրավիճակը մեղմելու համար Քոչարյանի կողմնակիցները երաժշտություն էին միացնում։ Ի պատասխան՝ նախկին նախագահին ազատ արձակելու հակառակորդները երգում էին և պարում։

Պաշտպանության ելույթները

Պաշտպանությունը պահանջում էր ազատ արձակել Քոչարյանին այն բանի հիման վրա, որ դատախազները հայտարարում են․ գործն արդեն բացահայտվել է։ Հետևաբար, իրենց վստահորդը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել արդեն բացահայտված գործի հետաքննությանը։ Բացի այդ, նրանք պնդում էին, որ Քոչարյանը չի խանգարել հետաքննությանն, ազատության մեջ լինելով, չի փորձել խուսափել կալանքից և այժմ նույնպես մտադիր չէ խանգարել քննության ընթացքին։

Քոչարյանին պաշտպանող խումբը՝ Հայաստանում հայտնի չորս պրոֆեսիոնալ փաստաբանները, բոլոր կետերով հանգամանորեն հերքեցին առաջադրված մեղադրանքը։ Նրանց ելույթները երկար էին, նրանք կանգ չէին առնում, անգամ երբ դատավորը կամ մեղադրող կողմը պնդում էին, թե իրենք տեղյակ են նշվող փաստերին և հանգամանքներին։

Մեղադրվող նախագահի հայտարարությունը

Նախկին նախագահը նույնպես պարբերաբար  հայտարարություններով էր հանդես գալիս և լրացնում պաշտպանների փաստարկները։

Իր ելույթում նա խոսում էր այն մասին, որ մեղավոր չէ և իրեն հնարավոր չէ մեղադրել այն հանգամանքների հիման վրա, որոնք ներկայացված են դատարանին։ Նա հիշեցրել է, որ պատերազմի և շատ այլ դժվարությունների միջով է անցել և այժմ իրեն թույլ չի տա թաքնվել դատարանից․ դա պատվի և արժանապատվության հարց է։ Ավելին, նրա համար վիրավորական են մեղադրանքները, և ինքը չի պատրաստվում լռել։ Քոչարյանն ասել է, որ ուզում է դատարանում ելույթ ունենալ, և դատավարության ընթացքում մեղադրող կողմ է լինելու շատ կետերով։

Քոչարյանն ասել է նաև, որ ինքն անհարմար է զգում, որ Ղարաբաղի գործող և նախկին նախագահները ստիպված էին դատարան գալ՝ իր համար երաշխավորելու համար։

Երաշխավոր նախագահները 

Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը որպես երաշխավոր էին հանդես եկել և դատարանին խնդրել ազատ արձակել իրենց ընկերոջը։ Լսումների առաջին իսկ օրը Քոչարյանի փաստաբաններից մեկը ընթերցեց նրանց դիմումը դատարանին, որում ասվում էր․

«Հաշվի առնելով Արցախի հանրապետության առաջին ու ՀՀ երկրորդ նախագահի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, նրա հսկայական ավանդը արցախյան պատերազմի և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դադարեցնելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով նախատեսված արարք»։

Դատարանը պահանջել էր, որ երաշխավորները դատարան ներկայանան և անձամբ ծանոթանան այդ կարգավիճակում իրենց պարտավորություններին։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարան էին եկել չորրորդ օրը։ Դա բացատրվեց նրանով, որ ԼՂ գործող նախագահն արտասահմանյան պատվիրակություն էր ընդունում և չէր կարող ավելի վաղ Երևան գալ։ Երկու երաշխավորներն էլ 500 հազար դրամ (մոտ $1000) նախնական գրավ են մուծել։

Մեղադրող կողմի դիրքորոշումը

Դատախազներն իրենց կարծիքին մնացին։ Նրանք դատավորի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ պաշտպանությունը փաստերն իր համար ձեռնտու լույսի ներքո է ներկայացնում։ Այնուհետ հակիրճ և ըստ էության դատախազներից մեկը ներկայացրեց պաշտպանությանը հակառակ կարծիք նախկին նախագահին որպես մեղադրանք ներկայացված հանգամանքների մասին։

Մեղադրող կողմը պնդում էր, որ մեծ է վկաների և քննության ընթացքի վրա հայտնի անձի կողմից ազդելու ռիսկը, որը բարձր դիրք և զգալի ֆինանսական միջոցներ ունի, ինչպես Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործն ու Քոչարյանի կալանքի նախապատմությունը

2018թ-ի դեկտեմբերից Քոչարյանը կալանքի տակ էր «Մարտի 1»-ի գործով։ Խոսքը  2008թ-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ էին անցկացնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։

Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

Այնուհետև՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում է։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վրեժ լուծել իրենից։

Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում