Հայաստանի նախագահը ՄԽ եռանախագահների հետ քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
Սակայն այսօրվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չի ասվում, թե ինչ պայմանվորվածություններ են ձեռք բերվել:
Դրա մեջ ասվում է միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Երևան կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունների, ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին, կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին:
Հայաստանյան փորձագիտական—քաղաքական շրջանակները Սարգսյան—Ալիև հնարավոր հանդիպման մասին իրենց տեսակետներն են հայտնել:
Իշխող մեծամասնության պատգամավոր Միհրան Հակոբյանն ասել է.
«Իհարկե, բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու համար նախագահների հանդիպումն ունի բոլոր հնարավորությունները, բայց պետք չէ լինել միամիտ և կարծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը քայլ առաջ է լինելու բանակցային գործընթացում»:
Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշել է, որ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի ակտիվացմանը՝ անկախ նրանից, թե ինչքանով են իրագործվել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ցանկալի է, որ հանդիպումը լինի, եթե գտնում ենք, որ խնդրի լուծումը այլընտրանք չունի, պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի՝ ուրեմն բանակցություններ են հարկավոր»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կրկին ակտիվ սկսեցին խոսել սեպտեմբերի վերջին, երբ Նյու Յորքում հանդիպեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարները: Նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննակել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելու հարցը:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: