Հայաստանի «Արմենպրես» հայտնի տեղեկատվական գործակալությունը նշում է իր 100-ամյակը
Հայաստանի «Արմենպրես» հայտնի տեղեկատվական գործակալությունն այսօր նշում է ստեղծման 100-ամյակը։ Այդ կապակցությամբ լրատվամիջոցը շնորհավորանքներ է ստանում երկրի հայտնի քաղաքական և մշակութային գործիչներից։
«Արմենպրեսի» պատմությունը
«Արմենպրեսը» ստեղծվել է 1918 թ-ի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի որոշմամբ։ Այն ժամանակ այն կոչվում էր Հայկական հեռագրական գործակալություն։ Հիմա «Արմենպրեսը» փակ բաժնետիրական ընկերություն է, որը պատկանում է պետությանը։ Տեղեկատվական գործակալությունն ամենամեջբերվող հայկական լրատվամիջոցն է։ Այն լրատվություն է ապահովում 4 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն), ունի լրատվական 11 բաժին։
• Կին լուսանկարիչներն իրենց համեմատում են հրշեջների և ոստիկանների հետ
• Հայաստանը քննարկում է Երևանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը
Ո՞վ է շնորհավորել գործակալությանը
Տեղեկատվական գործակալության հոբելյանը շնորհավորել են բազմաթիվ հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ։ Նրանց թվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա կարծում է, որ «Արմենպրեսի» մեկդարյա պատմությունն ընդհանուր հարստություն է․
««Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը վաստակել է և վստահությամբ պահում է տեղեկատվության հուսալի և հեղինակավոր աղբյուր լինելու իր համբավը: Պատահական չէ, որ հենց «Արմենպրես»-ն էր մեր պատմության մեջ կայացած ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի պաշտոնական լրատվական գործակալությունն ու լուսանկարիչը: Վստահաբար կարող ենք ասել, որ մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»։
Հոբելյանի կապակցույամբ գործակալությանը շնորհավորել է նաև Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որը նշել է, որ իրավիճակների և իրադարձությունների արագ փոփոխման պայմաններում «Արմենպրեսի» դերն ու նշանակությունն էլ ավելի է աճում։
«Արմենպրեսին» շնորհավորել են նաև գործընկերները, տեղեկատվական այլ գործակալություններ։ Մասնավորապես, Tert.am առցանց պարբերականն ընդգծում է, որ մեդիադաշտում գործակալության 100-ամյա գոյությունն ինքնին գնահատական է, որը վկայում է աշխատանքի որակի մասին․
«Մեր գործընկերներին ցանկանում ենք նորանոր 100-ամյակներ՝ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին լինելու, ժամանակի պահանջներին համապատասխանելու անկեղծ մաղթանքով»։
JAMnews-ը նույնպես շնորհավորում է գործընկերներին հոբելյանի կապակցությամբ։