Հայաստանում այն ծիծաղ ու վրդովմունք է առաջացրել: Տեղեկատվություն Բաքվից. ի՞նչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը" />

Հայաստանում քննարկվում է «Երևան վերադառնալու» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

Հայաստանում այն ծիծաղ ու վրդովմունք է առաջացրել: Տեղեկատվություն Բաքվից. ի՞նչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Ադրբեջանի նախագահը սենսացիոն հայտարարություն է արել այն մասին, թե Հայաստանի մայրաքաղաքը պատմական ադրբեջանական հող է: Հայկական լրատվամիջոցների աչքից չի վրիպել Իլհամ Ալիևի հայտարարությունը: Եվ գրեթե բոլորը մեջբերել են նախագահի խոսքերը, որոնք հնչել են «Ենի Ադրբեջան» կուսակցության 6-րդ համագումարին:

«Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը: Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին»:

Արձագանքը Հայաստանում միանշանակ բացասական էր, սակայն այն տարբերվում է՝ տրամադրությամբ և գնահատականներով: Հասարակության, քաղաքական գործիչների և փորձագետների մի մասը բացահայտ վրդովվում էր, մյուսը հայտարարությունը գնահատեց որպես սովորական պրոպագանդա, ոմանք Ալիևի խոսքերն ընկալեցին որպես անհեթեթություն, որը միայն ծիծաղ է առաջացնում: Սակայն կոչ հնչեց նաև չանտեսել այդ միջադեպն ու վերլուծել հարևան երկրի նախագահի նախընտրական ելույթը: Հատկապես, որ նա մտադիր է դեռ երկար մնալ այդ պաշտոնին, և դա նրան կարող է հաջողվել:

Ահա հայկական լրատվամիջոցներում հրապարակված մեկնաբանություններից մի քանիսը՝ դասակարգված ըստ վերաբերմունքի:

Միտում առաջին. դա ագրեսիվ նախընտրական հայտարարություն է՝ ավելի շատ տեղական լսարանի համար

Միհրան Հակոբյան, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր.

«Այդ երկրի ղեկավարը փաստացի իր ժողովրդին ու աշխարհին ասելու այլ բան չունի այլևս, քանի որ այս տարիներին այնքան մեծ քանակով նավթ է վաճառվել, որի շնորհիվ հնարավոր էր լուրջ ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր կառուցել, որը չիրականացավ, իսկ այժմ բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանն այդպիսին չի դառնալու: Այս պարագայում Ալիևին մնում է միայն նման ծավալապաշտական հայտարարություններ անել և վերջնակապես տանել իրավիճակը սրեցման»:

Նաիրա Հայրումյան, «Լրագիր» առցանց պարբերականի քաղաքական մեկնաբան.

«Ալիևն ընտրություններին ագրեսիվ նոտայով է պատրաստվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի օրը Ղարաբաղում հայ զինվորի են սպանում: Իսկ հաջորդ օրն Ալիևն արդեն Երևանի և Զանգեզուրի հանդեպ հավակնություններ է հայտնում»:

Միտում երկրորդ. հայտարարությունը միայն ծիծաղի է արժանի

«Երևան վերադառնալու» գաղափարն Ալիևն առաջին անգամ չէ հնչեցնում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «1918թ-ին Երևանի փոխանցումը Հայաստանին արյունաթոր վերք է Ադրբեջանի համար»: Եվ PanArmenian.net առցանց պարբերականը հիշեցրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն Ալիևի նախորդ հայտարարությանը.

«Ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին, միգուցե Ալիևը տեղում պատմությանը ծանոթանալու հնարավորություն ստանար»:

Էդուարդ Շարմազանով, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ.

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է: Այն կարելի է համեմատել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ: Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին և ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարությանը և համապատասխան եզրահանգումներ անել»:

Միտում երրորդ. սովորական քարոզչություն

Վարդան Օսկանյան, արտաքին գործերի նախկին նախարար.

«Ակնհայտ է, որ «Երևան վերադառնալու», կամ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով: Երևանն ունի հստակ պատմություն, և այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, և Ալիևը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենդներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից: Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է և զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»: 

Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի համակարգող.

«Չեմ կարծում, որ նա այդքան հիմար է: Դա պարզապես պրոպագանդիստական հնարք է: Նա կարող է հիմարություններ խոսել, սակայն դա չի նշանակում, թե նա հիմար է»: 

Միտում չորրորդ. սա ոչ թե պատահականություն է, այլ նպատակաուղղված քաղաքականություն

Մանվել Սարգսյան, քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն.

«Ադրբեջանը ղարաբաղյան հարցում արտացոլված հստակ ծրագրային մոտեցում ունի, այն է՝ օգտագործել բանակցային գործընթացը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքն Արցախի վրա տեղայնացնելու համար՝ պահանջելով կամ խաղաղ կերպով իրենց վերադարձնել այն, կամ իրենք կգնան «օրինական» ուժ կիրառելու՝ իրենց պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Եվ գնալով արդեն 4-րդ անգամ նախագահության՝ Ալիևն ավելի հստակ է ձևակերպում, որ սա իրենց երկարաժամկետ ռազմավարությունն է, որը տարածվում է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ-ի վրա»:

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ                                                                                  

«Մենք գործ ունենք նպատակաուղղված քաղաքականություն հետ… Այդ տեսակետը ներարկվում է [ադրբեջանցիներին] դասագրքերի, ֆիլմերի ու գրքերի միջոցով, որոնցով սերունդներ են դաստիարակվում։ Այդ քաղաքականությունը չի դադարելու անգամ Ալիևի` իշխանությունից հեռանալուց հետո»:

Միտում հինգերորդ. Ալիևի հետ բանակցություններն անիմաստ են

Հակոբ Բադալյան, «Լրագիր» առցանց պարբերականի քաղաքական մեկնաբան.

«Ալիևի հայտարարությունը փաստացի խաչ է քաշում համանախագահների այցի վրա և փակում թեման: Երևանին և Ստեփանակերտին մնում է միայն հարցնել համանախագահներին. «Լսեցի՞ք: Ուրեմն էլ ի՞նչ եք ուզում մեզնից»: Իսկ համանախագահներին մնում է միայն օգտվել հայկական հյուրընկալությունից:

Ալիևի հայտարարությունն «իրեղեն» ապացույց է, որ Հայաստանի Զինված ուժերը պահպանում են ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի, ալյ նաև միջազգային անվտանգության, քաղաքակրթության սահմանները, քանի որ միայն բարբարոսական մտածողություն ունենալու դեպքում է կարելի հայտարարել հարևան երկրի մայրաքաղաքը զավթելու մտադրության մասին:

Ալիևի հայտարարությունը հատկանշական է նաև ԵԽԽՎ հունվարի 24-ին կայացած նստաշրջանին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ֆոնին: Ադրբեջանի նախագահը փաստացիորեն հաստատում է Սերժ Սարգսյանի իրավացիությունը, որը, պատասխանելով ադրբեջանցի պատվիրակների հարցերին, հայտարարել է, որ Ադրբեջանին առանց հայերի Արցախ է պետք, իսկ դա երբեք չի լինելու:

Ադրբեջանի նախագահը հաստատում է, որ այդպես էլ կա: Եվ այդ առումով Երևանի և Զանգեզուրի մասին Ալիևի նման հայտարարությունները կարող են իսկական նվեր լինել հայկական դիվանագիտության համար: Մնում է, որ հայկական դիվանագիտությունն այդքան կամք և հմտություն ունենա այն օգտագործելու»:

 

Տեղեկատվություն Բաքվից

Նախագահ Ալիևն առաջին անգամ չէ հայտարարում, թե ժամանակակից Հայաստանը կազմավորվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա: Մասնավորապես, 2017թ-ի մարտի 30-ին մի խումբ զինվորականների հետ հանդիպմանը նա ասել է.

«Ցավոք, 1918թ-ին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, կարելի է ասել, նվիրել է Իրևանը Հայաստանին: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրևանը Հայաստանին որպես մայրաքաղաք փոխանցելն էր: Չնայած այն բանին, որ այն ժամանակ ադրբեջանցիներն Իրևանի բնակչության մեծամասնությունն էին կազմում: Դա մեծ սխալ էր»:

Ալիևը նկատի ունի Մուսուլմանների ազգային խորհրդի 1918թ-ի մայիսի 29-ին Թիֆլիսում կայացած երրորդ նիստի արձանագրությունը: Այնտեղ իրոք 20-ից 16 կողմ ձայներով ընդունվել է կառավարության նախագահ Ֆաթալի Խան Խոյսկու՝  «Էրիվանը Հայաստանին զիջելու» առաջարկը: «Հայկական դաշնության կազմավորման համար նրանց քաղաքական կենտրոն է պետք, որն Ալեքսանդրապոլը (Գյումրի) Թուրքիային անցնելուց հետո կարող է լինել միայն Էրիվանը, այդ պատճառով էլ Էրիվանը հայերին զիջելն անխուսափելի է»:

Սակայն, ինչպես երևում է տեքստից, խոսքը գնում է ոչ թե «փոխանցելու», առավել ևս՝ «նվիրելու», այլ «զիջելու» մասին, այնսինքն՝ այդ տարածքների հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին:

1918թ-ի մայիսի վերջին Անդրկովկասյան Դաշնության անկումից հետո նրա երեք մասերը՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, անկախություն հռչակեցին, և նրանցից յուրաքանչյուրը հարևանների հանդեպ տարածքային հավակնություններ ուներ: Մասնավորապես, որոշ ադրբեջանցի քաղաքագետներ արդար էին համարում Էրիվանի  գավառն Ադրբեջանին միացնելը, քանի որ 20-րդ դարի սկզբին, ցարական Ռուսաստանի վիճակագրական տվյալների համաձայն, այնտեղ գերակշռում էր ադրբեջանական բնակչությունը (Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտարան, հոդված «Էրիվան»): Սակայն Ազգային խորհուրդը որոշեց Էրիվանը Հայաստանի մայրաքաղաք ճանաչել:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում