Այսօր Լեռնային ՂարաբաղիՀանրապետության հռչակման 30-ամյակն է։ Այս առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պաշտպանելու Հայաստանի պատրաստակամությունը։
ԱԳՆ-ն ընդգծում է՝ Արցախի ժողովրդի հերոսական պայքարն իր գոյության ու ինքնության համար է։
«Անկախության հռչակագրի ընդունմամբ և անկախության հանրաքվեով Արցախի ժողովուրդը ձգտում էր իրավական կամարտահայտության միջոցով Ղարաբաղյան հիմնահարցն առճակատման տրամաբանությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հասնելու հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա», — ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ ի պատասխան արցախահայության օրինական ձգտումների՝ Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով Արցախում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։
«Արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առջև և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո», — ընդգծում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Այս մասին են վկայում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ․ և 2020թ․ ռազմական ագրեսիաները։ Դրանք ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացմամբ․
«Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ որպես հիմք՝ Ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»։
Հայաստանի արտգործնախարարության համոզմամբ՝անցնող 30 տարիների ընթացքում Արցախը կարողացել է պետական կառավարման կենսունակ մարմիններ ստեղծել և ժողովրդավարական ինստիտուտներ կայացնել։
1991 թ. սեպտեմբերի 2-ին «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը: