Կորոնավիրուսով կրկնակի վարակման միանգամից երեք դեպք է գրանցվել Հայաստանում
Կրոնավիրուսով կրկնակի վարակման երեք դեպք է արձանագրվել Հայաստանում։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 4–ին խորհրդարանում։
Նրա խոսքով՝ այժմ համաշխարհային գիտական հանրությունում մասշտաբային ակադեմիական բանավեճեր են ընթանում կրկնակի վարակման թեմայով։ Թորոսյանը ներակայցրել երեք վարկած այն մասին, թե ինչպես է տեղի ունենում այսպես կոչված «կրկնակի վարակումը»։
Առաջին վարկած․ հիվանդն ապաքինվել է, այնուհետև կրկին վարակվել։
Վարկած երկրորդ․ օրգանիզմում վարակի ապաակտիվացում է եղել, իսկ որոշ ժամանակ անց այն կրկին ակտիվացել է։
Վարկած երրորդ․ ըստ նախարարի՝ այն ամենահավանականն է։ COVID-19–ի որոշ տարրեր օրգանիզմում մնում են մի քանի ամիս․ վարակն ակտիվ չէ, սակայն թեստն այն արձանագրում է։
«Վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ-ն [ռիբոնուկլեաթթուն] առկա է բջիջների մեջ, և մենք թեստավորելուց հայտանբերում ենք․․․ Հայաստանում կրկնակի վարակումների դեպքում հիվանդները որևէ գանգատ չեն ունեցել, բայց նրանց մոտ դուրս գրումից երկու շաբաթ հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Մենք իրենց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք», — ասել է Արսեն Թորոսյանը։
Այս կապակցությա,բ, նախարարը չի բացառում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի զարգացման վատթարագույն սցենարն ու այն, որ մայիսի վերջին վարակման դեպքերի թիվը հասնի 10 հազարի։
Այժմ Հայաստանում բուժսարքավորումների, դեղորայքի, բուժանձնակազմի և հիվանդամահճակալների պակաս չկա։ Սակայն եթե մարդիկ չպահպանեն անվտանգության կանոններն ու սանիտարական նորմերն, ապա վարակվածների թիվը կարող է աճել անգամ մինչև հարյուրավոր հազարներ։ Հետևաբար, ռեսուրսների պակաս կարող է առաջանալ։
«Այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում շուրջ 350 ազատ հիվանդամահճակալ կա, վարակվածների մի մասը, խոսքը թեթև դեպքերի մասին է, հյուրանոցներից մեկում է։ Մենք հետևողական ենք լինելու այն հարցում, որ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներն այն ստանան», — ասել է նախարարը։