Ադրբեջանում մահացության աճն ավելին է կորոնավիրուսից մահացածների թվից
Ադրբեջանում արդեն երկրորդ ամիսն է՝ ինչ մահացության պաշտոնական վիճակագրությունը զգալիորեն ավելին է վերջին տարիների ցուցանիշից։ Ընդ որում, կորոնավիրուսից մահացածների թիվը զգալիորեն ցածր է այդ ցուցանիշներից։
2020 թ–ի հուլիսին Ադրբեջանում մահացել է 6 410 մարդ այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ամսում մահացածների թիվը կազմել է ընդամենը 4 902 մարդ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թ–ի հուլիսին կորոնավիրուսից մահացել է երկրի 235 բնակիչ։
Ադրբեջանի Վիճակագրության պետկոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ–ի հունիսին և հուլիսին երկրում մահացածների թիվը գերազանցել է վերջին վեց տարվա միջին վիճակագրական ցուցանիշը, այն է՝ 3 755 դեպք։
«Համեմատության համար՝ 2019 թ–ի հուլիսին Ադրբեջանում մահացել է 4 902 մարդ, 2014-2019 թթ–ի միջին ցուցանիշը կազմում է 4 818 մահվան դեպք։ Այլ կերպ ասած՝ 2020 թ–ի հուլիսին գրանցվել է մահվան 1 592 «ավելորդ» դեպք», — սոցցանցի իր էջում գրում է տնտեսագետ և բլոգեր Տոգրուլ Մաշալին։
2020 թ–ի հունիսին «ավելորդ» մահերի թիվը, վերջին վեց տարիների միջին ցուցանիշի համեմատ, կազմել է 2 163 դեպք։
Պաշտոնապես 2020 թ–ի հուլիսին հայտարարվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 235 դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ, հունիսին և հուլիսին COVID-19 վարակից 385 մարդ է մահացել։
Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում երկրում մահացության կտրուկ ավելացման պատճառը։
Սեպտենբերի 16-ին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 141 նոր դեպք։ Երեք մարդ է մահացել, ևս 151–ն ապաքինվել է։ Համավարակի մեկնարկից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 38 658 մարդ, 569 մարդ մահացել է։