«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն» - Հայաստանի վարչապետ
Հունիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 723-ով և հասել 16 004-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 442-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 6 081։
Կորոնավիրուսից մահվան ևս վեց դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 264-ի։
- Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
«Մեր գործերը լավ չեն, նոր ռեկորդ ենք ունեցել», — հունիսի 13-ին ասել է վարչապետ Նիոկլ Փաշինյանը։
Նրա կարծիքով, ճգնաժամային իրավիճակում մարդիկ պետական կարգը ընկալում են որպես իրենց ազատության սահմանափակում, դրա համար էլ չեն պահպանում կանոնները․
«Չեմ կարող ուրիշ բացատրություն տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետևաբար մեր ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ։
Այսօր ես փողոցում տեսնում էի քայլող մարդկանց, և քանի որ նախորդ օրերին այցելել եմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, այնպիսի տպավորություն էր, թե այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք։ Ուզում էի կանգնել, ասել` հարգելիս, ո՞ւր ես գնում։ Կանգ առեք, ժողովուրդ ջան»։
Facebook-ի իր էջում ուղիղ միացման ընթացքում վարչապետը կրկին կոչով է հանդես եկել․
«Իմ ակնկալիքը, կոչը այն է, որ մենք բոլորս՝ որպես քաղաքացի, պաշտոնները դնենք մի կողմ և կարգ հաստատենք։ Իսկ սա նշանակում է երկու բան․ որ յուրաքանչյուրը կատարում է կարգից բխող պայմանները, կարգ է ստեղծում իր վարքագծով և ուրիշից էլ պահանջում է նույն բանը, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնում է ամոթի պես մի բան, որ կարգը չկատարողը իրեն զգա «իզգոյ»։ Կներեք կոպիտ բառի համար»։
Հունիսի 12-ին կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 13-ը։ Արգելված են բոլոր հանրային, մարդաշատ միջոցառումները։ Մինչ այդ արդեն պարտադիր էր ոչ միայն փակ, այլ նաև բաց տարածքներում դիմակ կրել։ Բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։