Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 48-ամյա կին է մահացել, վարակվածների թիվը շարունակում է աճել
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացել է 48-ամյա կին։ Նա, ինչպես և մյուս պացիենտները, ում չի հաջողվել փրկել, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Մայիսի 7-ին արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք․ այս պացիենտը վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն մահվան պատճառ է դարձել այլ հիվանդություն: Արդեն 10 նման դեպք է արձանագրվել Հայաստանում։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 43-ի:
- «Կյանքը եռում է, տպավորություն է, որ ոչինչ էլ չի եղել։ Մարդիկ միգուցե չեն հավատում, որ վիրուսը իրական է»․ կորոնավիրուսից առողջացածների հետ զրույցից
- Հայաստանում «շտապ օգնության» 12 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Մայիսի 8-ի ժամը 11:00-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 3029-ի։ Փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Առողջացել են վարակվածներից 1218–ը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է այն լուրերին, թե կորոնավիրուսային հիվանդությունը Հայաստանում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբերից: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը գրել է․
«Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ․ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին:
Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»։