Հայաստանում դպրոցականները և ուսանողները կարող են հեռավար սովորել։ Կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության երկրորդ օրը
Հայաստանում արտակարգ դրության պայմաններում դադարեցված են դասերը բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ միջազգային բուհերում։ Երկրում հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր է գործարկվում։ Այս մասին մարտի 18–ին հայտարարել է կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ից՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այն գործելու է մինչև 2020 թ–ի ապրիլի 14–ը։
Այժմ Հանրային հեռուստատեսության եթերում ամեն օր դասեր և դասախոսություններ կհեռարձակվեն։
«Հանրային հեռուստաընկերության հետ միասին մենք համագործակցությամբ ստեղծել ենք հնարավորություն` դասախոսությունների և դասերի անցկացման: Հենց հեռուստաընկերության եթերում ամեն առավոտ 08:30-09:30-ը կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկսվեն 11:30-12:40: Ամբողջ օրվա ընթացքում մենք ունենալու ենք նման դասընթացներ», — ասել է Արայիկ Հարությունյանը։
Կրթության նախարարությունն ունենալու է նաև ալիք Youtube–ում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր դասընթացների տեսագրությունները։ Բջջային և ինտերնետ–կապի օպերատորներից մեկը դրա համար կրթության նախարարությանը շուրջօրյա հեռարձակման համար առանձին ալիք է տրամադրում։
Բոլոր բարձրագույն հաստատությունները, նաև որոշ դպրոցներ ինքնուրույն անցել են հեռավար ուսուցման։ Նախարարությունն օգնում է դրան միանալ նաև այն դպրոցներին, որոնք իրենց ուժերով չեն կարողացել դա կազմակերպել․
«Մենք չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները: Սա, ըստ էության, դառնալու է հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր: Կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ այս պիլոտի իրականացման հարցում ունենանք հաջողություն»։
• Հայաստան․ արտակարգ դրություն է հայտարարված։ Ամեն ինչ՝ գործող սահմանափակումների մասին
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ