«Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար» - Հայաստանի առողջապահության նախարար
Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566-ով և հասել 14 669-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 240-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 5 466։ Շարունակում են բուժում ստանալ 8 876 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 18 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 245-ի։
- «Մնացեք տանն, ալյ ոչ թե գերզմանոցում»։ Ինչպե՞ս են երկրները հաղթահարում կորոնավիրուսի նոր բռնկումները
- «Օգնենք Հայաստանին»․ Վրաստանի քաղաքացիները միջնորդագրով դիմել են կառավարությանը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 10-ին Facebook-ի իր էջում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին։ Այս իր ուղիղ եթերը նախարարը վերնագրել է «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին…»․
«Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», — ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով, այս հիվանդությունը նոր է, և բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները մինչ օրս էլ պարզ չեն․
«Ինչքան է տևում ինկուբացիոն շրջանը, արդյոք ասիմպտոմ վարակակիրները չեն տարածում վարակը, արդյոք դիմակը օգնում է վարակը չտարածելու գործում, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա և նմանատիպ բազում հարցեր․․․ Երևի շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ ոչինչ չի փոխվել: Այս անորոշություններն են պատճառը, որ այո, միգուցե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, որոշումը գուցե ուշ ենք կայացրել»։
Արսեն Թորասյանը հավաստիացնում է, որ պարտադիր հաշվի է առնում քննադատությունը, խորհուրդներ է տալիս կառավարության մյուս անդամներին, վարչապետին, հետևում է այլ երկրների սխալներին․
«Առավելագույնս ազնիվ լինելով ժողովրդի հետ, պետք է հաղթահարենք այս մարտահրավերը», — ասել է Արսեն Թորոսյանը: