«Ամեն ինչ ավարտված է, finita la commedia»․ Կոբախիձեն՝ Վրաստանում ընթացող ցույցերի մասին
Կոբախիձեն ԵՄ «հակավրացական» քաղաքականության մասին
Վրաստանի իշխող կուսակցության կողմից վարչապետ նշանակված Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 17-ի ճեպազրույցում քննադատել է Եվրամիությանը «Վրաստանի դեմ քայլերի համար» և հայտարարել, որ արդեն գրեթե երեք շաբաթ շարունակվող բազմահազարանոց պրոեվրոպական բողոքի ցույցերն «իրենցից ներկայացնում են 800 մարդու հավաք, որոնց խորհրդարանի մոտ են բերել չորս ընդդիմադիր կուսակցություններն ու հարուստ ՀԿ-ները»։
Եվրամիության «հակավրացական» քայլերի մասին
Իրակլի Կոբախիձեն «հակավրացական» է որակել Եվրամիության արտգործնախարարների խորհրդի՝ դեկտեմբերի 16-ին ձեռքբերած համաձայնությունը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մասին։
«Սա ընդամենը առաջարկություն է, որն, ըստ էության, ունի խորհրդանշական բնույթ, սակայն այն խարխլում է եվրոպական կառույցների հեղինակությունը վրացական հասարակության ընկալումներում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Այս որոշումը ներկայացնելիս Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր․
«Իրավիճակը չի զարգանում վրաց ժողովրդի համար դրական ուղղությամբ։ Ի պատասխան դրա՝ Եվրամիությունն արդեն կրճատել է քաղաքական շփումները, իսկ Եվրահանձնաժողովն այս տարվա ընթացքում կներկայացնի առաջարկություն Վրաստանում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մասին»։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել հինգ երկրների, որոնք «դարձել են վրաց ժողովրդի հենարանը Եվրամիության խորհրդում»։
«Հունգարիան, Սլովակիան, Իտալիան, Իսպանիան և Ռումինիան պաշտպանել են վրաց ժողովրդի շահերը Եվրամիության խորհրդում»,— ասել է Կոբախիձեն։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Եվրախորհրդարան հրավիրելու մասին
Կոբախիձեն նաև արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Եվրախորհրդարանի նստաշրջանին հրավիրելու վերաբերյալ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի կայացրած որոշմանը։
«Նրանք պլանավորում են Եվրախորհրդարանի նիստի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիի մասնակցությամբ փոքրիկ ներկայացում բեմադրել։ Նա իր ելույթը կսկսի և կավարտի ծափահարությունների ներքո, ինչպես Զելենսկին։ Նման ելույթները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Կոբախիձեն։
Ցույցերի մասին․ «Ռադիկալ ընդդիմությունը սպառել է իր ռեսուրսները»
Կոբախիձեն հայտարարել է, որ «ընդդիմությունը ձախողել է հեղափոխության չորրորդ փորձը և արդեն չի կարող խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելիի պողոտա, 800-ից ավելի մարդ բերել»։
«Ամեն ինչ վերջացած է։ Մենք խափանեցինք հեղափոխության արդեն չորրորդ փորձը։ Չորս քաղաքական կուսակցություն և ավելի քան 10 հարուստ հասարակական կազմակերպություն չկարողացան 800-ից ավելի մարդ հավաքել… Եթե պարզապես իրենց աշխատակիցներին ու ակտիվիստներին բերեին, ավելի շատ կստացվեր։ Finita la commedia, ինչպես կասեին իտալացիները»,- ասել է Կոբախիձեն։
Արդեն ավելի քան երեք շաբաթ է, ինչ Թբիլիսիի կենտրոնում, ինչպես նաև Վրաստանի այլ քաղաքներում ամեն օր տեղի են ունենում բազմահազարանոց բողոքի ցույցեր։ Ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ Վրաստանը 4 տարով կասեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների գործընթացը։
Տասնյակ հազարավոր մարդկանց հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է և այդ կերպ երկրում իշխանության օրինական փոփոխությունը։ Ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալված բոլոր անձանց։
Առաջին օրերին բողոքի ցույցերը փորձում էին ցրել ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի և պղպեղային սփրեյների օգտագործմամբ, հատուկջոկատայիններն ու անհայտ ավազակային խմբավորումները դաժանորեն ծեծի էին ենթարկում ցույցերի մասնակիցներին, լրագրողներին ու քաղաքական գործիչներին։
Ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Նրանցից յուրաքանչյուր երկրորդի վրա ֆիզիկական բռնության հետքեր կան, շատերը հիվանդանոցներում են հայտնվել դեմքի ոսկրերի, ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով։