Թե ինչպես են մարդիկ ապրում մշտական հրետակոծության տակ։ Լուսանկարներով պատմություն Ստեփանակերտից
Հոկտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողություններ են սկսվել։ Մշտական հրետակոծության տակ են նաև բնակավայրերը։
Reuters-ի այս լուսանկարներն արվել են Ստեփանակերտում՝ Արցախի մայրաքաղաքում։ Իսկ տեղի բնակիչ Նունե Մարտիրոսյանը JAMnews-ին պատմել է պատերազմի պայմաններում իր կյանքի մասին։

• Ղարաբաղյան պատերազմը՝ Բաքվի և Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին։ Տեսանյութ
•Այսպիսի տեսք ունի պատերազմը․ գյուղերի և քաղաքների լուսանկարներ երկու կողմից՝ արցախյան մարտերի գոտուց
47-ամյա Նունեն Տեխնոլոգիական համալսարանի դասախոս է, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր աշխատանքի չի գնում։ Օրվա մեծ մասը ստիպված է լինում նկուղում անցկացնել, որն ընտանիքն ապաստարանի է վերածել 2016 թ-ի «ապրիլյան պատերազմից»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նախորդ սրացումից հետո:

«Ռմբակոծության առաջին երկու-երեք օրերին մեր նկուղում ավելի քան 20 մարդ կար, այդ թվում՝ երեխաներ։ Սակայն հետո երեխաներին ավելի անվտանգ տեղ տեղափոխեցինք, և այժմ այնտեղ ենք հավաքվում 8-10 հոգով։
Մեզ մոտ այստեղ հրետակոծությունից փրկվում են նաև մեր ընկերներն, ովքեր ապրում են թաղամասերում, որտեղ ապաստարաններ չկան։ Այստեղ՝ նկուղում ստիպած ենք լինում երկար մնալ։ Տուն ենք բարձրանում, եթե պետք է ինչ-որ բան բերել»։

«Քաղաքում խանութները չեն աշխատում, յուրաքանչյուրն իր հետ իր պահուստներն է բերում։ Բացի այդ, մեզ մթերքով օգնում է քաղաքապետարանը։
Վերջին երեք օրերին հրետակոծությունն ավելացել է։ Հենց մեր բանակը հաջողությունների է հասնում ճակատում, Ստեփանակերտի հրետակոծումն ուժեղանում է, հատկապես՝ ցերեկային ժամերին։ Իսկ նախօրեին հրետակոծել էին շենքը, որտեղ մայրս է բնակվում»։

«Սակայն ես չեմ պատրաստվում հեռանալ քաղաքից, թեև այդպիսի հնարավորություն կա։ Երեխաներին էր պետք տարհանել, դա նորմալ է, նրանք պետք է անվտանգ վայրում լինեն։ Սակայն մենք պետք է մնանք։
Բոլոր ընկերուհիներս են այդպես կարծում։ Մեր ամուսիններն ու որդիները պետք է զգան, որ թիկունքում նրանց սպասում են, որ մարդիկ կան, ում նրանք պաշտպանում են»։
