Կիևի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող-քաղէմիգրանտ
Կիսվել
Կիսվել
Ֆիքրեթ Հուսեյնլի: Լուսանկարը՝ Ֆեյսբուքի էջից
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին ձերբակալվել է հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում Ադրբեջանի իրավապահ մարմինների Ինտերպոլին արված հարցման հիման վրա:
Հուսեյնլին ձերբակալվել է առավոտյան Դյուսելդորֆ մեկնելիս: Սահմանային վերահսկողությունում նրան հայտնել են, որ նա Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է:
Հուսեյնլին ձերբակալությունից առաջ հասցրել է ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ինձ կալանավորել են ադրբեջանական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով»:
Շուտով լրագրողը փոխանցվել է օդանավակայանի ոստիկանության աշխատակիցներին: Ուկրաինայում ապրող ադրբեջանցի ակտիվիստ Յալչին Ղահրամանը հանդիպել է Հուսեյնլիին օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում: Հուսեյնլիի հանդեպ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն) և 318-րդ (սահմանի ապօրինի հատում) հոդվածների համաձայն, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»:
Ղահրամանը հավելել է, որ Հուսեյնլին, Կիևում եղած ժամանակ, զգացել է, որ իրեն հետապնդում են:
Հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի Բորիսպոլի դատարանը կքննի Հուսեյնլիի գործը, իսկ մինչ այդ նա կալանքի տակ կմնա, հաղորդել է Ղահրամանը:
«Օրինական ճանապարհով ինձ հնարավոր չէ Ադրբեջանին փոխանցել: Սակայն զգացողություն ունեմ, որ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տեղափոխել, ինչպես Աֆղան Մուխտարլիին: Այստեղ են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատող: Սակայն նրանցից ոչ ոք ինձ հետ կապի մեջ չի մտնում», — Հուսեյնլիի խոսքերն է մեջբերում «Ազադլիգ» ռադիոկայանը:
Ֆիքրեթ Հուսեյնլին, ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի աշխատակից լինելու ժամանակ ծեծի էր ենթարկվել դիմակներով անհայտ անձանց կողմից Բաքվի Փաթամդար ավանում 2006թ-ի մարտին: «Ազադլիգ» թերթն այն ժամանակ հայտարարել էր, որ հարձակումը կապված է Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին լրագրողի հնչեցրած քննադատության հետ: Չնայած քրեական գործի հարուցմանը՝ հանցագործությունը չէր բացահայտվել: 2008թ-ի սկզբին նրա հանդեպ շարունակվող ճնշման պատճառով նա արտագաղթեց Ադրբեջանից:
Վերջին ժամանակներս Ֆիքրեթ Հուսեյնլին համագործակցում էր Եվրոպայից հեռարձակվող TuranTV ընդդիմադիր արբանյակային հեռուստաալիքի հետ, ինչպես նաև մասնակցում էր Եվրոպայում ադրբեջանցի քաղէմիգրանտների բողոքի ակցիաների անցկացմանը, փոխանցում է azadliq.info-ն: