Բաքվում շարունակում են կալանավորել կոռումպացված պաշտոնյաներին, այս անգամ՝ Սերբիայում Ադրբեջանի դեսպանին
Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովն օգոստոսի 13–ին Բաքվում կալանավորվել է բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով։
Սա հերթական բարձրաստիճան պաշտոնյայի կալանքն է՝ ձերբակալությունների շարքում, որը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերին։
Ադրբեջանում կառավարության «զտումների» հակիրճ ցանկը
2019 թ–ի դեկտեմբերին կալանավորվել է Ադրբեջանի շրջաններից մեկի գործադիր իշխանության ղեկավարը։ Նա մեղադրվել է կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման մեջ։
Նույնպիսի մեղադրանքով կալանավորվել է շրջանների ևս չորս ղեկավար, այնուհետև՝ մշակույթի և զբոսաշրջության փոխնախարարը։
2020 թ–ի մայիսին կալանավորվել է մի քանի բարձրաստիճան զինվորական, կրկին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կեղծիքի համար։ Նրանց թվում էր սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ Աֆղան Նագիևը, որը բազում պետական պարգևներ էր ստացել՝ այդ թվում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան։
Իսկ 2020 թ–ի հուլիսին աղմկահարույց սկանդալ տեղի ունեցավ։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվեց ԱԳՆ–ի մի քանի կարևոր պաշտոնյա։ Որպես արդարացում նրանք նշեցին, որ ստացած կաշառքի 80%–ը ծախսել են «նախարարության խնդիրների լուծման վրա»։
Իսկ 2020 թ–ի հուլիսի 16–ին պաշտոնանկ արվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում 15 տարի և ազդեցիկ ֆիգուր էր երկրում։
• «Հափշտակողների որս» Ադրբեջանում․ ի՞նչն է տարօրինակ
• Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու աղետները
Սերբիայում Ադրբեջանի դեսպանի կալանքի մասին դեռևս շատ բան հայտնի չէ

Էլդար Հասանովը Բաքու է ժամանել օգոստոսի 10–ին Սերբիայի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ միասին, և կալանավորվել է հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո։
Հասանովը նախկին գլխավոր դատախազ է։ 2001–2013 թթ–ին նա Ռումինիայում Ադրբեջանի դեսպանն էր։
Էլդար Հասանովի վերաբերյալ հարցեր են առաջացել Ադրբեջանի ԱԳՆ–ում կաշառքի նշված գործով։
Ենթադրություններն այն մասին, որ նա զգալի բյուջետային միջոցներ իրենց նշանակությամբ չի օգտագործել, հանգեցրել են նրա ձերբակալությանը։