«Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցին կարող է անդրադարձ չլինել»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը
«Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցին կարող է անդրադարձ չլինել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այդ հարցի շահառուն պետք է լինի ԼՂ-ի ժողովուրդը իր՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Ասում է՝ Արցախի նախագահի հետ եկել են այն եզրակացության, որ ճիշտ ընթացքը Ադրբեջան-Արցախ հաղորդակցությունն է։
Հարցազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի համար առավել օրախնդիր, նույնիսկ ցավոտ թեմաների, այդ թվում՝ Հայաստանի սահմանների անվտանգությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, ՀԱՊԿ-ից դուրս գալուն, միջազգային դիտորդների տեղակայմանը և ոչ միայն։ Այս անգամ վարչապետը որոշ հարցերի պատասխանում էր՝ շեշտելով, որ չի կարող հայտնել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա, ինչպես նաև փակ բանակցությունների ընթացքում հնչած կարծիքներ։
JAMnews-ն առանձնացրել է Հայաստանի վարչապետի հարցազրույցի կարևորագույն դրվագները։
«Ոչ մեկի առաջ դուռը չենք փակում»․ միջազգային դիտորդների մասին
Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հերքում է իր կատարած սադրանքները, ուստի կա անհրաժեշտություն հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման։
«Ոչ մեկի առաջ դուռը չենք փակում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը ունեն նման ներուժ։
Իսկ միջազգային դիտորդական առաքելություն ասելով՝ Հայաստանը նկատի ունի երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմ։ Դրա «կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկության փոխանցումն է միջազգային կառույցներին, ինչին կհետևեն համապատասխան գործողություններ»։
Վարչապետը չի հստակեցրել՝ ինչ գործողությունների մասին է խոսքը։
Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին
Փաշինյանը հիշեցրել է, որ ինքն էլ, Թուրքիայի նախագահն էլ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել։ Հայտնել է, որ ինքը որոշել է մասնակցել միջոցառմանը․
«Այս պահին հանդիպումը բացառված չէ, բայց հաստատված էլ չէ»։
Հարցին, թե ինչ կարող է քննարկվել հանդիպելու պարագայում, վարչապետը պատասխանել է՝ երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային հարցեր։
Զենք չմատակարարած դաշնակիցը Ռուսաստա՞նն է
Հայաստանի վարչապետն ասել է, որ կառավարության նիստում հայտարարել է այն, ինչ հարկ է համարել։ Երկրի անուն հիշատակելը նպատակահարմար չհամարեց նաև այս հարցազրույցի ժամանակ։
Խոսելով տվյալ դաշնակցի հետ ձեռնարկելիք հետագա քայլերի մասին՝ Փաշինյանը նշել է, որ կամ պետք է գումարը ետ ստանալ, գնում անել այլ տեղից, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը։ Խոսել այն մասին, թե որ երկրից ու ինչ զենք կարող է գնվել, վարչապետը հրաժարվեց․
«Հրապարակային չեմ ուզում քննարկել սպառազինության ձեռքբերման թեման։ Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար»։
Հայաստա՞նն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ ՀԱՊԿ-ը Հայաստանից
Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրային տրամադրություններից ՀԱՊԿ-ում տեղյակ են, նույնիսկ ունեն մտավախություն, թե «ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանին»։ Կառավարության ղեկավարը կառույցի գործընկերներին ասել է, թե «հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից»։ Ասում է՝ սա ոչ թե բառախաղ է, այլ «նուրբ բովանդակություն»։
Հայաստանն, ըստ նրա, կառույցից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական․
«Նախկինում ՀԱՊԿ գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, ստացել ենք հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է։ Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժումից հետո դիմեցինք ՀԱՊԿ-ին, կառույցից տարօրինակ պատասխան ստացանք, թե՝ սահմանը դեմարկացված չէ»։
Փաշինյանը օրինակ է բերել Բելառուս-Ռուսաստան, ՌԴ-Ադրբեջան սահմանները՝ նշելով, որ դրանք ևս դեմարկացված չեն, ինչը նշանակում է, որ «տեսականորեն ներխուժումներ կարող են լինել նաև այդ երկրների տարածքում»։
«Եթե որևէ մեկը գա եզրակացության, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, կարձանագրի, որ ՀԱՊԿ պարզապես չկա։ Որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է այդ սահմաններում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Ըստ նրա՝ իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը կա և այն հստակ նշված ու ամրագրված է։ Դա սովետական Հայաստանի և սովետական Ադրբեջանի սահմաններն են։ Եվ այժմ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի հստակ քաղաքական գնահատանականին՝ Ադրբեջանի ագրեսիայի ակտի արձանագրմանը։
«Ձևակերպված առաջարկ չկա»․ ընդդիմության հետ աշխատանքի մասին
Հայաստանի վարչապետի խոսքով՝ իշխանությունը չի խուսափել և չի խուսափում երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումներ ընդունելու պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի մասին տեղեկանալուն, ըստ նրա, մանրամասները հայտնի են մարդկանց բավականին լայն շրջանակի, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Ուղիղ և բաց տեքստով պատրաստ եմ ներկայացնել նաև մեր ժողովրդին, դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չեն տալիս»,- նշել է Փաշինյանը։
Նախկին նախագահների և Ամենայն հայոց հայրապետի՝ կոնսոլիդացիայի և համատեղ որոշումներ փնտրելու գաղափարին, Փաշինյանը չի արձագանքել, միայն ասել է, որ «կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա»։
«Խաղաղության անհրաժեշտությունն ավելի սուր է»
Փաշինյանը վստահեցրել է՝ խնդիր ու նպատակ է մնում այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։ Նկատում է՝ այդ խնդիրը ձևակերպվել է իրագործման համար․
«Ինչքան սուր է վիճակը, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը»։
Ասում է՝ Հայաստանի խաղաղության իրավունքը պետք է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով, միայն խաղաղությունը կարող է ապահովել երաշխավորված անվտանգություն․
«Քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել»։
«Բանակցային սեղանին պայմանագրի տեքստ չկա»
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Փաշինյանը նշել է, որ եթե սեղանին փաստաթուղթ լիներ, դա կնշանակեր, որ կա մի բան, որի շուրջ կարելի է մտածել։ Ասում է՝ դա կլիներ լավ նշան, որ մոտ ենք խաղաղությանը․
«Բայց խնդիրն այն է, որ սեղանին փաստաթուղթ չկա»։
Վարչապետի խոսքով՝ փաստաթղթի նախագիծ կա տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, հայկական կողմը պատրաստել է մի քանի տարբերակ։ Ադրբեջանը, սակայն, պատրաստ չէ ստորագրել։ Նրա խոսքով՝ Երևանը շարունակում է աշխատանքը նաև այս ուղղությամբ։
«Խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական աշխատանք է մեկնարկում»
Հայաստանի արտաքին գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում հանդիպելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
«Արտգործնախարարները երկու օրից պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները»,- հայտնել է Փաշինյանը։
«Պատրաստ ենք ճկուն լինել ու գնալ լուծումների»
Ասում է՝ Հայաստանի համար կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց չի կարող խոսք գնալ արտատարածքային միջանցքի, այսինքն՝ սուվերենության կորստի մասին։ Խոսքը Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին է՝ Հայաստանի տարածքով։ Այստեղ ծագում են նաև սահմանային, մաքսային հսկողության իրականացման հարցեր։ Ինչպես պետք է լուծվեն՝ քննարկման թեմա է։
Վարչապետի փոխանցմամբ՝ Երևանն առաջարկել է, օրինակ, այդ հսկողության իրականացումը պատվիրակել, քանի որ Բաքուն նշել է, թե կոնֆլիկտից հետո ադրբեջանցիները չեն ցանկանա սահմանը հատելիս շփվել հայ սահմանապահի կամ մաքսավորի հետ։ Համաձա՞յն է Ադրբեջանն այս առաջարկին, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։
Ըստ Փաշինյանի՝ հարցեր շատ կան, բայց հայկական կողմը պատրաստ է «ճկուն լինել ու գնալ լուծումների»։
Նա նաև տեղեկացրել է, որ երթուղու հետ կապված սահմանափակում Հայաստանը չի դրել․
«Հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանի կողմից չարվեին շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ, որոնք ցույց կտային, որ Ադրբեջանը փորձում է տողատակում դնել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»։
«Ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել ԼՂ-ի անկախությունը»
Ըստ գործադիրի ղեկավարի՝ չի կարելի ասել, թե Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի իրենց սեփական փաթեթը։ Մոտեցումներ, սակայն, ունեն։ Դրանց տարբերությունների մասին Փաշինյանը չխոսեց, նշեց միայն՝ կա հանգամանք, որի մասին մինչ այս չի խոսել․
«Ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, պատրաստ չէ նաև ճանաչել Ղարաբաղը՝ որպես Հայաստանի մաս»,- ասաց նա ու հավելեց, որ այս փաստի հետ առերեսվել է պետք։
Տեղեկացրեց՝ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկում են նաև Արցախի հարցը, բայց դա պարզ քննարկում չէ։ Ասում է՝ կան նրբություններ ու բարդություններ, երբեմն Ադրբեջանն ասում է՝ չենք ուզում ԼՂ-ի հարցը Հայաստանի հետ քննարկել։
«Ասում ենք՝ շատ լավ, քննարկեք Ղարաբաղի հետ։ Կարծես թե ԼՂ-ի համար էլ այս մոտեցումը կարող է լինել ընկալելի»,— նկատել է Փաշինյանն ու հավելել՝ Արցախի նախագահի հետ եկել են այն եզրակացության, որ ճիշտ ընթացքը Ադրբեջան-Արցախ հաղորդակցությունն է։
Ռուս խաղաղապահների մասին
Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը հենց այդ նպատակով է․
«Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը տեղի ունենա, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի»։
Բաքվում պահվող հայ գերիների մասին
Կառավարության ղեկավարը նշել է, որ չի ուզում ոչինչ ասել, ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունի, այլ այն պատճառով, որ չվնասի գործընթացներին։ Փաշինյանը վստահեցրել է՝ հարցը կառավարության համար օրակարգային է, գերիները պետք է հայրենիք վերադառնան «րոպե առաջ»։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին և Արցախին
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է արձանագրել՝ ինչ է տեղի ունենում։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն իր անկախության, ինքնիշխանության հաստատման պրոցեսի մեջ է, որն էլ երաշխավորելու է պետության հարատևությունը․
«Շատ կարևոր գործընթաց է, պետք է ամուր լինենք և այդ ճանապարհն անցնենք։ Վճռական լինենք՝ որպես քաղաքացի, ու գործընթացը տանենք մինչև վերջ»։
Ըստ վարչապետի՝ անկախ պետության վերաձևակերպման խնդիր ունի Հայաստանը։ Ասում է՝ տեսության և իրականության մեջ ճեղքեր կան, պետք է լցնել դրանք, «հակառակ դեպքում պետությունը կկորսվի»։
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը