ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին պատգամավոր դարձավ․ կխուսափի՞ կալանքից
Լևոն Քոչարյանը՝ ԱԺ պատգամավոր
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ։ Որոշման մասին քիչ առաջ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկու ամիս է, ինչ Լևոն Քոչարյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Այս մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ սեպտեմբերի 22-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոչ թե ինքը, այլ իրեն են հարվածել։
Լևոն Քոչարյանի փաստաբանները հայտարարում են՝ մանդատը ստանալուց հետո նա պետք է ազատ արձակվի։ Հրապարակման պահին նա դեռ ազատ չէր արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։
Ինչի՞ արդյունքում Քոչարյանը պատգամավոր դարձավ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր դրեց իր մանդատը։
Նախորդ շաբաթվա ավարտին նախընտրական ցուցակով հերթական համարը զբաղեցնող, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել։
Մանդատից հրաժարված թեկնածու, հոգեբան Միհրդատ Մադաթյանը որպես հիմնավորում էր բերել «մասնագիտությամբ աշխատել չկարողանալը», Անժելա Նալբանդյանը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության` «Հայաստան» դաշինքից դուրս գալու որոշումը, որը կայացվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին: Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ խնդրել էր իր քայլը դիտարկել «պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում»։
Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։ Նրա՝ մանդատ ստանալու մասին քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ-ն։
Ավելի վաղ պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշել էր, թե մանդատը վերցնելու հարցը դեռևս հստակեցված չէ և ասել, թե «ստացվեց այնպես, որ Լևոն Քոչարյանն ակտիվ քաղաքականությամբ չզբաղվեց, բայց ակտիվ քաղաքականությունը զբաղվեց իրենով»։
«Չի կարող պահվել անազատության մեջ»
Ռոբերտ Քոչարյանի որդու փաստաբանները հայտարարում են՝ Քոչարյանի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո «ապօրինի կալանքը ենթակա է վերացման»։
«Ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաբանները հիմք են ընդունում քրեական հետապնդման ենթարկված այլ պատգամավորների հարցով Սահմանադրական դատարանի՝ 2021 թ․-ին կայացրած նախադեպային որոշումը։
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը նույնպես պատգամավորի մանդատ ստանալու պահին կալանքի տակ էին։ Դեռևս 2021 թ․-ի դեկտեմբերին Սահմանադրական դատարանն ընդունել էր որոշում, որում ասվում էր՝ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից»։
Եթե նույնիսկ Քոչարյանն ազատ արձակվի, գլխավոր դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրան նորից կալանավորելու միջորդությամբ։
Գլխավոր դատախազությունը դեռևս հրաժարվում է դիրքորոշում հայտնել՝ նման զարգացման դեպքում դիմելո՞ւ են խորհրդարան, թե՞ ոչ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լևոն Քոչարյանը՝ ԱԺ պատգամավոր