Ոչ կորոնավիրուս կա, ոչ կարանտին, ոչ դիմակներ, ոչ էլ սոցիալական հեռավորություն․ լուսանկարներ «Բաքվի ավանից»
Մաշթաղան ավան է, որը Բաքվից մեկ ժամվա հեռավորության վրա է։ Այստեղ չի հասել ոչ կորոնավիրուսը, ոչ կարանտինը, ոչ կարանտինային միջոցներին հետևող ոստիկանությունը։
Եթե Բաքվում բնակարաններում փակված քաղաքացիները տանջվում են ձանձրույթից, ապա այստեղ ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում՝ առևտուր, փոքր նեղլիկ խանութներում հարևանների շփում և այլն։ Մի բան է փոխվել․ մաշթաղացիները կտրված են «քաղաքից», ինչպես Բաքվում անվանում են մի քանի կենտրոնական քաղաքային թաղամասերը։
Ահա, օրինակ, այս ավտոբուսը, Մաշթաղայից դուրս գալիս ստուգելու են ոստիկանները․ ուղևորներին կխնդրեն տնից դուրս գալու իշխանությունների sms–թույլտվությունը ցույց տալ։ Սակայն մինչև ավանից դուրս գալը դեռ շատ կա, այնպես որ, առանց հաղորդագրության կարելի է մեծ տարածություն անցնել։
Ամեն տեսակի բնական մթերքի վաճառողը, որի անունը չենք տալիս էթիկայի և անվտանգության նկատառումներով, նստած է իր ապրանքի կողքը՝ ստվերում հին բազմոցի վրա։ Երբեմն նույն բազմոցին յուրօրինակ «ակումբ» է հավաքվում․ հարևանները դուրս են գալիս զրուցելու։ Բնականաբար, առանց դիմակների և սոցիալական հեռավորության պահպանելու։
Չնայած հարևանների և ազգականների նկատմամբ նման անհոգ վերաբերմունքին՝ Մաշթաղայի բնակիչները զգայուն են տարբեր ավանների միմյանցից մեկուսացման հարցերի նկատմամբ։
Ահա, թե ինչ է ասում նրանցից մեկը․ «Ազգականներիս մոտ Նարդարան չեմ գնում, վախենում եմ։ Աստված չանի, որ նրանց ավանում մեկը վարակվի, անգամ եթե ինձնից չվարակվի, միևնույն է, հետո ինձ են մեղադրելու»։
Փայտյա արկղերը սովորաբար ապրանքի արկղերի տակ են դրվում։
Վաճառողներից մեկն ասում է, որ շրջաններից բանջարեղեն սկսել են ավելի քիչ բերել․ դժվար է վաճառքի ապրանք գտնելը։ Քիչ էլ գնում են․ ավանում շատերն են առանց աշխատանքի մնացել։