Լավրովն ու Շոյգուն արդեն Երևանում են․ «Եկել ենք ընդարձակ ծրագրով»
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավորվը ժամանել են Հայաստան։ Արդեն կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շոյգուի և նրա գլխավորած պատվիրակության հետ։
Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատար և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրվել է խնդիր՝ կանխել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում.
«Շատ աշխատանք կա անելու խաղաղության հաստատման համար: Եվ մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այս խնդիրը: Բացի այդ, մենք մտադիր ենք քննարկել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են մեր խաղաղապահների կյանքին և աշխատանքին, ինչպես նաև, բնականաբար, մեր հետագա համագործակցությանը՝ ինչպես ռազմական, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտում: Մենք ժամանել ենք մեծ ծրագրով և հուսով ենք, որ այն կյանքի կկոչվի»:
Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս խաղաղապահները սեղմ ժամկետներում են տեղափոխվել հակամարտության գոտի, և նրանց տեղակայման գործընթացն արդեն ավարտվել է: Ստեղծվել է 23 դիտակետ, ռուս խաղաղապահները վերահսկում են դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում են անվտանգ տեղաշարժ այս հատվածներում:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության համար: Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարությունը զգացել է Ռուսաստանի աջակցությունը.
«Իհարկե, պատերազմից առաջ դժվար ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի դժվար ժամանակներ են։ Հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության»։