«Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2023 թվականին Իրանում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Սաֆարլի Ֆարիդ Գաբիլ օղլին այս տարվա հունվարի 18-ին՝ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում, վերադարձվել է Ադրբեջան»,- ասվում է երկու գերատեսչությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բժշկական զննում անցնելուց հետո Սաֆարլին վերամիավորվել է իր ընտանիքի հետ։
1997 թվականին ծնված Ֆարիդ Սաֆարլին ավարտել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի (ԱԴԱ) տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան՝ Յենայի համալսարանի մագիստրատուրայում։
2023 թվականի մարտին նա անհետացել էր Իրանում, ուր մեկնել էր իրեն ծանոթ մի աղջկա հետ հանդիպելու նպատակով, միասին էին սովորել։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հաղորդել էին, որ նա լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է։
Հետագայում մեղադրանքը մեղմացվել էր և վերաորակվել «լրտեսության մտադրության»։ 2023 թվականի օգոստոսին Սաֆարլին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նույն թվականի նոյեմբերին Իրանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել դատավճիռը։
Սաֆարլիի պատժի կրման ավարտին մնացել էր ընդամենը 2 ամիս։