Ինչպե՞ս կավարտվի Թրամփի և Կոնգրեսի դիմակայությունը
ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների կոնֆլիկտը շարունակվում է։ Ինչի՞ կհանգեցնի այն։ Իրավիճակը վերլուծում է բրիտանական The Guardian-ը։
Կոնֆլիկտի արմատները
Նախագահ Թրամփի և Կոնգրեսի միջև բազում տարաձայնություններ կան։ Մինչև այն պահը, երբ Կոնգրեսի երկու պալատները վերահսկում էր Հանրապետական կուսակցությունը, նախագահն ուներ օրենսդիրների աջակցությունը։
Այն բանից հետո, երբ ձմռանը միջանկյալ ընտրությունների արդյունքում ներքին պալատում մեծամասնություն կազմեց Դեմոկրատական կուսակցությունը, պատերազմ բռնկվեց։
Դրա պատճառը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար 5.7 մլրդ դոլար ստանալու Թրամփի ցանկությունն էր․ պատն, ըստ նախագահի, պետք է խոչընդոտի ապօրինի միգրանտների հոսքին։ Կոնգրեսը համաձայնել է միայն 1.6մլրդ դոլարի չափով ֆինանսավորել այն։
Դիմակայության պատճառով Թրամփը հրաժարվեց ստորագրել բյուջեն և դրան հետևեց շաթդաունը՝ բազմաթիվ պետական հաստատությունների փակումը։ Այն տևեց 35 օր՝ ԱՄՆ համար ռեկորդային ժամկետ։
Ի վերջո, Թրամփը զիջեց և ստորագրեց բյուջեն, սակայն իր մտադրություններից չհրաժարվեց։
Արտակարգ դրություն․ իրակա՞ն, թե՞ արհեստական
Թրամփն իր հրամանով ԱՄՆ սահմանին արտակարգ դրություն մտցրեց։ Դա նրան իրավունք է տալիս պատի կառուցման համար միջոցներ ստանալ առանց Կոնգրեսի հաստատման։
Օրենսդիր-դեմոկրատներն ու միջազգային մամուլի մեծ մասն այս ճգնաժամը «շինծու» անվանեց, և նրանց արդեն աջակցություն են հայտնել որոշ հանրապետականներ։
Ամերիկյան 16 նահանգ դատարանում վիճարկել է նախագահի այս որոշումը։ Փորձագետները միաձայն ասում են, որ արդյունքում բանը հասնելու է Գերագույն դատարան։
Նախադեպեր և կանխատեսումներ
Թրամփն ամերիկյան առաջին նախագահը չէ, որը փորձում է իր պլանների համար ֆինանսավորում ստանալ՝ շրջանցելով Կոնգրեսը։
Նրանից առաջ այդպիսի փորձեր ձեռնարկել են նախագահներ Նիքսոնը, Ռեյգանն ու Քլինթոնը։ Նրանցից ոչ ոքի չի հաջողվել հասնել իրենց ուզածին։
The Guardian-ի կարծիքով՝ պարտություն է կրելու նաև նախագահ Թրամփը։ Նրա վարկանիշն անկում է ապրում․ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին դեմոկրատների հաղթանակը վերջին 50 տարում ամենամասշտաբայինն էր։ Աջակցությունը հանրապետական օրենսդիրների շրջանում, որոնք չեն ցանկանում ասոցացվել ժողովրդականություն չվայելող նախագահի հետ, նվազում է։ Գերագույն դատարանի՝ նրա համար բարենպաստ վճիռը երաշխավորված չէ, սակայն դա էլ կարող է շրջանցվել Կոնգրեսի կողմից, եթե դեմոկրատներն ու հանրապետականները միահամուռ լինեն։