Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատարին դատարանում միգրացիայի սահմանափակման մասին հրամանը պաշտպանելուց հրաժարվելու համար
ԱՄՆ նախագահն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Յեյթսին: Պատճառն այն է եղել, որ Յեյթսը հրաժարվել է դատարանում պաշտպանել միգրացիայի սահմանափակման մասին Դոնալդ Թրամփի հրամանը:
Սպիտակ տան տարածած հայտարարությունում ասված է, որ Սալլի Յեյթսը «դավաճանել է արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով կատարել օրինական հրամանը, որն ընդունվել է ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու նպատակով»: ԱՄՆ աշխատակազմում նշել են, որ Յեյթսը նշանակվել է Օբամայի վարչակազմի կողմից և «թուլություն է ցուցաբերել սահմանների և ապօրինի միգրացիայի հարցում»:
Գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան շրջանի դատախազ Դանա Բենթեն:
Սալլի Յեյթսը հունվարի 31-ին հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը չի պաշտպանելու նախագահի միգրացիոն հրամանը, և նշել է, որ վստահ չէ այդ որոշման օրինականության վրա:
Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին հրաման է ստորագրել, որի համաձայն, անժամկետ ժամանակով դադարեցվում է Սիրիայից փախստականների մուտքն ԱՄՆ: Փախստականների ընդունման մնացած բոլոր ծրագրերը կասեցված են 120 օրով: Հրամանով նաև 90 օրով արգելվում է ԱՄՆ մուտք գործել 7 մուսուլմանական երկրների բոլոր քաղաքացիներին:
Հրամանի ստորագրումից հետո ԱՄՆ-ում բազմահազար բողոքի ակցիաներ անցկացվեցին այդ որոշման դեմ: Թրամփի հրամանը վիճարկվում է մի քանի դատական ատյաններում: «Իմ պարտականությունը երաշխավորելն է, որ արդարադատության նախարարության դիրքորոշումը դատարանում համապատասխանում է միշտ արդարադատության հասնելու և արդարությունը պաշտպանելու գերատեսչության պարտավորությանը», — գրել է Յեյթսը՝ գերատեսչության աշխատակիցներին բացատրելով իր որոշումը:
Սալլի Յեյթսը գլխավոր դատախազի տեղակալն էր, երբ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր Լորետա Լինչը: Նախագահ Բարաք Օբամայի հեռանալուց հետո Լինչը նույնպես լքեց պաշտոնը: Թրամփը խնդրեց Յեյթսին ժամանակավորապես գլխավոր դատախազի պաշտոնակատար դառնալ, մինչև իր առաջարկած Ջեֆ Սեշնսի թեկնածությունը հաստատվի Կոնգրեսում: