Թուրք զինծառայողներն Ադրբեջան են ուղարկվել ղարաբաղյան գոտում տեղակայվելու համար
2021 թ-ի առաջին շաբաթվանից Աղդամի շրջանում իր աշխատանքը կսկսի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։ Թուրք զինվորականները, որոնք այնտեղ ծառայելու են, արդեն Ադրբեջան են տեղափոխվել։
Ընդհանուր առմամբ, կենտրոնում կծառայի 60 թուրք զինծառայող։
Ավելի վաղ մոտ 25 թուրք զինծառայող արդեն Ադրբեջան էր ժամանել, հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը։ Եվ կարելի է ենթադրել, որ Թուրքիայից կժամանի մոնիթորինգային կենտրոնի ևս 45 ապագա մասնակից։
Ռուս-թուրքական կենտրոնում համատեղ կուսումնասիրվեն տարածաշրջանում իրավիճակի մասին վերջին տեղեկությունները, որոնք ստացվում են ռուս խաղաղապահների ուղեկալներից և ԱԹՍ-ներից։
Հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված որևէ միջադեպի առաջացման դեպքում ուղիղ կապ կհաստատվի ինչպես Մոսկվայի և Անկարայի, այնպես էլ Բաքվի և Երևանի միջև, և հրադադարի պայմանների պահպանման համար միջոցներ կձեռնարկվեն։
Տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգից բացի՝ թուրք զինվորականներն Ադրբեջանի ԶՈւ հետ համագործակցության շրջանակում կմասնակցեն մարդասիրական օգնության ցուցաբերման և ականազերծման միջոցառումներին։
Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից։
Այդ փաստաթղթի ստորագրմամբ ավարտվել է արցախյան երկրորդ պատերազմը, որը սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։