Թուրքիան ու Ռուսաստանը՝ պատերազմի շեմին․ 33 թուրք զինծառայող է սպանվել Սիրիայում ռուսական ավիահարվածներից
Սիրիայում փետրվարի 27–ին Թուրքիայի նվազագույնը 33 զինծառայող է զոհվել ռուսական ավիացիայի գրոհի հետևանքով, հաղորդում է Reuters–ը։
Հետևանքներն այսպիսին են․
• խորհրդարանը քննարկում է Սիրիային պատերազմ հայտարարելը,
• նախագահ Էրդողանը սպառնում է, որ Թուրքիան այլևս չի զսպելու սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: 2016 թ–ի համաձայնագրի համապատասխան՝ Եվրամիությունը մի քանի միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Անկարային, որը համաձայնել է կանգնեցնել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա։
• ՆԱՏՕ–ն, Թուրքիայի հարցմամբ, բարձր մակարդակի արտակարգ խորհրդակցություն է հավաքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գնդակոծությունից տուժած թուրքական զորքերը չպետք է այդ հատվածում գտնվեին, և Անկարան Մոսկվային իր գտնվելու վայրի մասին նախապես չի հայտնել։
Ինչպես գրում է Reuters–ը, բարձրաստիճան ռուս պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ «Իդլիբում ցանկացած լայնամասշտաբ թուրքական գործողություն կարող է վատ վերջանալ Անկարայի համար»։
ԱՄՆ սենատոր Գրեմը նախագահ Թրամփից պահանջել է սիրիական Իդլիբ նահանգում՝ Բաշար Ասադի ընդդիմադիր ուժերի հանգրվանում, ոչ թռիչքային գոտի ստեղծել։
•Թուրքիայի ինչի՞ն է Սիրիան, և Ռուսաստանի ինչի՞ն է այն։ Հարցերի պատասխաններ․ մանրամասն, բայց հակիրճ
• Ովքե՞ր են քրդերը և ինչո՞ւ են նրանք հարվածի տակ Սիրիայում
Ինչպիսի՞ն կարող են լինել հետևանքները
• Եթե Թուրքիան իրականացնի իր սպառնալիքն ու դադարի խոչընդոտել Սիրիայից փախստականների հոսքին դեպի Եվրոպա, Եվրամիությունը ստիպված կլինի ուղղղակիորեն միջամտել Սիրիայի տարածքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությանը։ Թուրքիայում այժմ 3.7 մլն փախստական կա, ևս մեկ միլիոնը թուրք–սիրիական սահմանին է։
• Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, որն, իր կանոնադրության համաձայն, պարտավոր է լինելու աջակցել նրան Սիրիային պատերազմ հայտարարելու դեպքում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ անհանգստացած է թուրք զինվորականների վրա հարձակման լուրով և լիովին սատարում է «Թուրքիային որպես ՆԱՏՕ–ի գծով դաշնակցի»։
• Ռուսաստանը, որը Սիրիայում սատարում է Բաշար Ասադի ռեժիմին, որոգայթում է հայտնվել։
«Եթե Իդլիբում թուրք զինվորականների մահվանն ի պատասխան Էրդողանը Եվրոպա թողնի հարյուր հազարավոր սիրիացի փախստականների, դրա համար Եվրոպան կմեղադրի Պուտինին», — կարծում է հայտնի ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը։