Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը բարոյական հետընթաց է անվանել դեսպանի սպանության լուսանկարի պարգևատրումը
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանը բարքերի լիակատար հետընթաց են անվանել World Press Photo-ի ժյուրիի որոշումը, որով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության լուսանկարը ճանաչվել էր տարվա լուսանկար:
«World Press Photo-ի ժյուրիի ընտրությունը վհատեցնում է: Բարքերի և բարոյական արժեքների լիակատար հետընթաց: Խորապես ցավում ենք, որ նեխահոտ արձակող փառքի ետևից ընկած՝ կիրառվում են բոլոր միջոցները: Ահաբեկչության սարսափի քարոզչությունն անթույլատրելի է»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
The Associated Press գործակալության լուսանկարիչ Բուրհան Օզբիլիչիի աշխատանքը փետրվարի 13-ին World Press Photo-ի մրցույթում ճանաչվել է տարվա լուսանկար: Լուսանկարում արձանագրված է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պահը: Այդ թեմայով Օզբիլիչի ֆոտոռեպորտաժը լավագույնն է ճանաչվել նաև «Արտակարգ նորություններ» անվանակարգում:
Այդ որոշումը քննարկումների տեղիք է տվել: Հաղթողի անվան հայտարարումից հետո ժյուրիի կարծիքի հետ իր անհամաձայնությունն է հայտնել նաև նախագահ Սթյուարթ Ֆրանկլինը՝ հայտարարելով, որ այդ աշխատանքի համար չի քվեարկել՝ ելնելով բարոյական նկատառումներից, և որ «ահաբեկչության այդ ձևը չպետք է դառնա տարվա լուսանկար»:
«Օզբիլիչիի լուսանկարը, անկասկած, տպավորիչ է: Միաժամանակ ես կողմ էի նրան մրցանակ շնորհել որպես լրատվական, որը նա նույնպես ստացել է, բայց կտրականապես դեմ էի, որպեսզի այն դառնա տարվա լուսանկար: Ես դեմ եմ քվեարկել, բայց պարտվել եմ վեճը: Ցավում եմ, Բուրհա՛ն, բայց դա սպանության լուսանկար է, որում մարդասպանը և զոհը միևնույն կադրում են, և դրա հրապարակումը նույնպիսի բարոյական խնդիր է, որքան ահաբեկչության զոհերի գլխատման հրապարակումը»,- գրել է Ֆարնկլինը «Գարդիան» թերթի իր սյունակում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերին Անկարայում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ: Սպանություն իրականացնողը եղել է նախկին թուրք ոստիկան 22-ամյա Մևլութ Ալթընաշը, որը միջոցառման սրահ մտել էր անվտանգության աշխատակցի անվան տակ: Ալթընաշը սպանվել է ոստիկանության կողմից դեպքի վայրում:
Ամենամյա մրցույթ անցկացնող World Press Photo հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է՝ գրանցված Ամստերդամում: Նրա կողմից շնորհված մրցանակները ամենահեղինակավորն են վիզուալ լրագրության ոլորտում: