Ընդդիմադիր երիտասարդությունը պատրաստվում է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Քաղաքացիական հասարակության 18 ներկայացուցիչ ստեղծել է «Շարժում» դաշինքը 2020 թ-ի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Նրանց թվում են նախկին քաղբանտարկյալներ, ընդդիմադիրներ, երիտասարդական շարժման ակտիվիստներ, իրավաբաններ։
Նրանք բոլորը պատրաստվում են իրենց թեկնածությունն առաջադրել տարբեր ընտրատարածքներից, եթե կարողանան գրանցվել։ Նրանցից երկուսը՝ բլոգեր և նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովն ու գենդերային շարժման ակտիվիստ Ռաբիա Մամեդովան, մասնակցել են դեկտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, սակայն չեն անցել, և դա համարում են զեղծարարության հետևանք։
• Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
• Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում։ Կարծիք
Դաշինքի անդամները տարբեր քաղաքական հայացքներ ունեն։
Նրանց միջև ընդհանուրն այն է, որ նրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք չեն համակրում կառավարությանն ու ցանկանում են «Ադրբեջանը տեսնել որպես իրավական պետություն, որտեղ գնահատվում է ինքնաարտահայտման ազատությունը, մարդու իրավունքներն, ազնիվ ընտրություններ են անցկացվում, գործում են անկախ և արդար դատարաններ»։
«Շարժման» հիմնական նպատակը զանգվածներին քաղաքականացնելն է, հասարակությանը, մասնավորապես՝ երիտասարդությանը ներգրավելն ընտրությունների գործընթացում և ոչ միայն որպես ընտրողներ, այլև դիտորդներ։
«Մենք ստեղծել ենք «Շարժում» դաշինքը, որպեսզի ժողովրդին տեղից շարժենք», — ասում է դաշինքի անդամներից մեկը՝ Ազեր Գասիմլին։
«Հիմնական նպատակներից մեկը մարդկանց առավելագույնս ընտրությունների մեջ ներգրավելն է։ Մեր ընտրատարածքներում մենք մտադիր ենք ապահովել առավելագույն ընտրական ակտիվություն։ Թեև մենք պատրանքներ չունենք այն բանի վերաբերյալ, թե ինչպես են իշխանությունները կազմակերպում այս ընտրությունները։ Մինչև հիմա նրանք ոչ մի ընտրություն նորմալ չեն կազմակերպել», — ասում է դաշինքի մյուս անդամ Թուրգութ Գամբարը։
Բացի այդ, դաշինքը հիմնականում զբաղվելու է իր անդամների նախընտրական արշավի վարչական-տեխնիկական աջակցությամբ։ Մնացած հարցերում յուրաքանչյուր թեկնածու իր գլխի տերն է։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում հայտարարվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ներկայիս խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին։ Նախաձեռնությունն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն էր, որը դա բացատրեց նրանով, որ խորհրդարանը պետք է թարմացնել, որպեսզի զարգանան նախագահի նախաձեռնած բարեփոխումները։
«Շարժումն» ընտրությունների նախաշեմին ստեղծված երկրորդ ընտրական դաշինքն է։ Առաջինում, որը կոչվում է «Իրական հանրապետականների միություն», միավորվել են չգրանցված «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամներն ու մի քանի անկախ թեկնածու։
Իշխող կուսակցությունը դեռ չի ներկայացրել իր թեկնածուների ցուցակը։
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունն ընտրություններին ինքնուրույն է մասնակցելու։