«Պարզե՛լ երկաթուղում հնարավոր չարաշահումները»․ հայ քաղաքական գործչի դիմումը դատախազին
Երկաթուղու հարցով դիմում ՀՀ գլխավոր դատախազին
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումներն ու առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։
Սարգսյանը պնդել է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝
- գործունեության արդյունավետությունը,
- կառավարման պայմանագրային պարտավորությունների կատարումը,
- պետության գույքային շահերի պաշտպանության հարցերը։
«Խնդրում եմ՝ դիմումն ընդունել և քննարկել որպես ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- հայտարարել է նա։
Այս դիմումը ներկայացվում է երկաթուղու կոնցեսիոն կառավարման շուրջ Հայաստան—Ռուսաստան բանակցությունների ֆոնին։ Տևական ժամանակ է, ինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ հայկական երկաթուղու մրցունակության ապահովման համար անհրաժեշտ է փոխել կոնցեսիոն կառավարման ձևաչափը, այսինքն՝ կառավարման իրավունքը վերցնել ՌԴ-ից և պատվիրակել երրորդ երկրի։ Մոսկվան, սակայն, կողմ չէ դրան։
Երկու շաբաթ առաջ Երևանում էր «Ռուսական երկաթուղիներ»–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր, որ պայմանավորվել են 3 ամսով ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է պատասխանի ՀՀ կառավարության ձևակերպած կոնկրետ հարցերի, այդ թվում՝ ռուսական կողմը պատրա՞ստ է ներդրումներ անել, թե՞ ոչ։ Փաշինյանի փոխանցմամբ՝ միայն դրանից հետո Երևանը կորոշի իր հետագա գործողությունները։
Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը։ Factor TV-ին տեղեկացրել են, որ դրան «ընթացք է տրվել»՝ առանց հավելյալ մանրամասների։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
- Հայաստանը սեփական ուժերով մեկնարկել է երկաթուղու վերականգնման գործընթացները
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
Ենթակառուցվածքների ապամոնտաժումից մինչև բեռնափոխադրումների ծավալի նվազում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ հիշեցրել է դեռևս տարիներ առաջ՝ 2018 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը։ Այդ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել էր «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանն ու ընդգծել՝ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։
Նկատել է՝ վարչապետն այդ ժամանակ նշել էր, որ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում կհրապարակվի պաշտոնական տեղեկություն։
«Անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է»,- գրել է Սարգսյանը։
Փաշինյանի՝ 2018 թ․-ին արած հայտարարությունից հետո հարուցվել էր քրեական գործը, սակայն այն 2021 թվականի մարտին կարճվեց։ Մինչ օրս այդ հարցով որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել։ Չի հնչել նաև որևէ հայտարարություն չարաշահումների համար փոխհատուցման մասին։
Քաղաքական գործիչը մատնանշել է 5 խնդիր՝
1. Երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժում․
«Անհրաժեշտ է պարզել Մեղրի–Կապան երկաթուղային հատվածի՝ շուրջ 40 կմ երկարությամբ ենթակառուցվածքի ապամոնտաժման հանգամանքները, դրա իրավական հիմքերը, ապամոնտաժված գույքի հետագա ճակատագիրը, հնարավոր օտարման և իրացումից ստացված միջոցների օգտագործման օրինականությունը»։
2. Իջևան–Աղստաֆա երկաթուղային ուղղություն․
«Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի տարածքում գտնվող՝ մոտ 17 կմ երկարությամբ հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման կամ քայքայման հանգամանքները, համապատասխան որոշումների իրավաչափությունը և պետությանը հնարավոր պատճառված վնասը»։
3. Բեռնափոխադրումների ծավալների նվազում․
«Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները էապես նվազել են։ Անհրաժեշտ է համեմատել 2008 թ․-ի և հետագա տարիների ցուցանիշները, պարզել նվազման պատճառները և գնահատել՝ արդյոք այն պայմանավորված է եղել կառավարման թերություններով, պայմանագրային պարտավորությունների չկատարմամբ կամ այլ իրավախախտումներով»։
4. Աշխատակիցների թվի կրճատում․
«Անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների թվի էական կրճատման պատճառները, ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործընթացում հնարավոր խախտումները»։
5. Կոնցեսիոն պայմանագրի կատարում․
«Անհրաժեշտ է ուսումնասիրել 2008 թ․-ին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, դրանով նախատեսված ներդրումային և այլ պարտավորությունները, դրանց փաստացի կատարումը, պետական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև ՀՀ-ին պատկանող երկաթուղային գույքի պահպանման և օգտագործման օրինականությունը»։
Շեշտել է՝ իրավասու մարմինները պետք է իրականացնեն ամբողջական, անաչառ և փաստաթղթային ուսումնասիրություն։
Ըստ Սարգսյանի անհրաժեշտ է պարզել, թե «արդյոք ՀԿԵ-ի գործունեության ընթացքում տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ, և արդյոք դրանց հետևանքով նյութական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը»։
«Հնարավոր վնասի կրողը Հայաստանն է, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները»
Սարգսյանն ընդգծել է՝ հարցն ունի բացառիկ նշանակություն ինչպես պետական գույքի պահպանության, այնպես էլ Հայաստանի տնտեսական անվտանգության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկրի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից․
«Հնարավոր վնասի կրողը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ նաև ՀՀ քաղաքացիները»։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը գլխավոր դատախազին ուղղված դիմումում խնդրել է ստուգել վարչապետ Փաշինյանի՝ 2018 թ․-ի հայտարարության հիմքում ընկած փաստերը, պարզել այդ ժամանակ իրականացված քննության կամ ուսումնասիրության արդյունքները և դրանց իրավական ընթացքը։
Քաղաքական գործչի խոսքով՝ պետք է կազմակերպել թվարկված 5 խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն, առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։
Կարծում է՝ կարիք կա, որ իրավասու մարմինները պարզեն պետությանը պատճառված հնարավոր նյութական վնասի չափը, դրա առաջացման պատճառները, ինչպես նաև պատասխանատու անձանց շրջանակը․
«Հանցանքի և պետությանը պատճառված վնասի հաստատման դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վնասի հատուցումն ապահովելու, ապօրինի օտարված գույքը վերադարձնելու կամ դրա արժեքը վերականգնելու ուղղությամբ»,- հորդորել է նա։
Ակնկալում է, որ դատախազությունը կտրամադրի գրավոր պատասխան իր դիմումի քննարկման արդյունքների, ընդունված որոշումների և հնարավոր քրեական վարույթի ընթացքի մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երկաթուղու հարցով դիմում ՀՀ գլխավոր դատախազին