Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների դեմ Նավալնիի կալանքի համար
Եվրամիությոնը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կալանքի և հետապնդման համար։
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», պատժամիջոցները կիրառվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի և Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի դեմ։
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը հրաշքով է փրկվել «Նովիչոկ» մարտական քիմիական նյութով թունավորվելուց հետո, կալանավորվել է հենց օդանավակայանում, Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ բուժում էր անցնում։
Ռուսական դատարանը փոխարինել է ավելի վաղ նրա նկատմամբ սահմանված երեք ու կես տարվա պայմանական ազատազրկումը։
Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում փետրվարի 22-ին պայմանավորվել են ընդլայնել Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները։ Դրանք կվերաբերեն նրանց, ովքեր, ըստ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի, «պատասխանատվություն են կրում նրա կալանքի, մեղադրանքի առաջադրման և դատավճռի համար»։
- Լուսարձակներ, սեր և Նավալնի․ ֆոտոռեպորտաժ Ռուսաստանում անցկացված ակցիայից
- «Ազատությո՛ւն Նավալնիին». աջակցության բազմամարդ ակցիաներ Ռուսաստանում: Լուսանկարներ,տեսանյութեր
Նրանց, ում դեմ կիրառվել են պատժամիջոցները, կարգելվի ԵՄ մուտք գործել, կսառեցվեն նրանց ակտիվները Եվրամիության բանկերում։
Եվրամիությունն անցյալ տարվա հոկտեմբերին արդեն պատժամիջոցներ կիրառել էր ռուս պաշտոնյաների դեմ Նավալնիին «Նովիչոկ» խմբի մարտական նյութով թունավորելու համար։
Մարտի 2-ին ԱՄՆ-ն նույնպես պատժամիջոցներ է կիրառել այն ռուսաստանցիների դեմ, որոնք պատասխանատու են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և քրեական հետապնդման համար։
Այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները։ Սև ցուցակում են հայտնվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, ասված է հայտարարությունում։ Հաղորդագրությունում նրանց անունները դեռևս չի նշվում։
Այս միջոցներն ԱՄՆ-ն կիրառել է՝ համաձայնեցնելով Եվրամիության հետ։