ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում բացել է իր հինգերորդ գրասենյակը
ԵՄ դիտորդների 5-րդ գրասենյակը Հայաստանում
Եվրամիության դիտորդական առաքելությունն օպերատիվ գրասենյակ է բացել Հայաստանի Տավուշի մարզում՝ Իջևան քաղաքում։ Սա առաքելության հինգերորդ նման գրասենյակն է։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ մինչ այս մարզում պարեկություն էին իրականացնում Գեղարքունիքի գրասենյակի միջոցով։
«Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ էինք անցնում, նաև քիչ էր պարեկների թիվը։ Հիմա, այստեղ ունենալով մշտական բազա, մենք կարող ենք օր ու գիշեր պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»,- հայտարարել է նա։
Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդներ էին տեղակայվել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին՝ երկամսյա ժամկետով։ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշեց առաքելության գործունեության ժամկետը երկարաձգել երկու տարով։
Դիտորդական առաքելության կազմում են ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ շուրջ 25 երկրներից։ Դիտորդները զինված չեն, նրանք պարեկություն են իրականացնում և իրենց դիտարկումները զեկույցի տեսքով փոխանցում Բրյուսել։

Օպերատիվ գրասենյակ՝ Նախիջևանին սահմանակից հատվածները դիտարկելու համար
Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ էր բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։
Մարկուս Ռիտերի փոխանցմամբ՝ այս շաբաթվա վերջում Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձորում բացելու են նաև ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը։
«Ավելի ուշ մենք նաև օպերատիվ բազա կբացենք Արարատի մարզում՝ Նախիջևանին սահմանակից հատվածներում պարեկություն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է դիտորդական առաքելության ղեկավարը։
«Ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում»
Նման արձանագրում է արել Ռիտերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերին։ Վստահեցրել է՝ ԵՄ-ն ուժեղացրել է պարեկությունը։
«Մենք մեր տեսածը պարբերաբար հաղորդել ենք Բրյուսել։ Մենք նաև X-ում գրառումներ ենք արել` կոչ անելով բարելավել իրավիճակը և թուլացնել լարվածությունը։ Կարծես թե, մինչև այս պահը դա աշխատել է»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Instagram
ԵՄ դիտորդների 5-րդ գրասենյակը Հայաստանում