Եվրոպայի խորհուրդը Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի մասին
ԵԽ Վրաստանում ցույցերի մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը մտահոգություն է հայտնել Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի առնչությամբ։ Նա կոչ է արել «Վրացական երազանքին» չձեռնարկել քայլեր, որոնք կխոչընդոտեն Վրաստանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։
«Ես խորապես անհանգստացած եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով, և որ արտաքին ազդեցության մասին օրինագիծն ընդունվել է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ՝ չնայած այն հետ կանչելու Վրաստանի միջազգային գործընկերների կոչերին։ Եվրոպական ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշների հետ դրա համապատասխանության լուրջ մտահոգությունների պատճառով Վրաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին կոչ եմ անում սպասել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և հաշվի առնել առաջարկությունները՝ նախքան վերջնական որոշում կայացնելը:
Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների գործունեության համար անվտանգ միջավայրը էական նշանակություն ունի կենսունակ և լիովին գործուն ժողովրդավարության համար: Թափանցիկությունը չպետք է օգտագործվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խարանելու կամ նրանց ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելու համար:
Ես նաև դատապարտում եմ բռնությունը, որը ես տեսել եմ Թբիլիսիի փողոցներում վերջին օրերին։ Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը հակասում է մարդու իրավունքների չափանիշներին:
Վրացիները, որոնք բազմիցս են ցույց տվել իրենց խորը նվիրվածությունը ժողովրդավարությանը, պետք է կարողանան խաղաղ ճանապարհով իրականացնել իրենց հավաքների և արտահայտվելու ազատությունը:
Հուսով եմ, որ Վրաստանը և Եվրախորհուրդը կշարունակեն իրենց կառուցողական երկխոսությունը, ինչպես դա արել են վերջին տարիներին։ Մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանին ԵՄ ինտեգրման ճանապարհին հասնելու միջազգային չափանիշներին»,- ասված է հայտարարության մեջ: