Արցախի կարգավիճակ և բանակցությունների վերսկսման անհրաժեշտություն․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ։ Նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արա Այվազյանի հետ։
Հայաստանում միջնորդների հետ քննարկվել են հետպատերազմյան իրավիճակն Արցախում, հայկական բնակչության իրավունքների վերականգնման և անվտանգության ապահովման հարցերը։
Համանախագահները Երևան են ժամանել Բաքու կատարած այցից հետո, որտեղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ չի հրավիրել նրանց։ Իլհամ Ալիևը նրանց նաև մեղադրել էր, որ Մինսկի խումբը 28 տարվա մեջ ոչ մի դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ։
- Հայաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարկան տալ մինչև ընտրությունները
- Սրացում Արցախում․ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները
Հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ
Սկզբից համանախագահները հանդիպել են արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցը։ Եվ արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ բանակցությունները պետք է տեղի ունենան այդ ձևաչափի ներքո։
Արա Այվազյանը նաև նշել է մի քանի առաջնահերթ հարցեր․
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատում,
- Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիա,
- արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովում,
- կրոնական և մշակութային ժառանգության պահպանում։
Արա Այվազյանը խոսել է հայատյացության մասին, որը շարունակում է հնչել Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում։ Ըստ նախարարի՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:
Հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին։
Հայաստանի վարչապետն առաջնահերթություն է համարում Արցախի կարգավիճակի ճշգրտումն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Փաշինյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի գրաված տարածքների դեօկուպացիայի և Արցախի հայկական բնակչության անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովման հարցը։
Փաշինյանը համանախագահների հետ խոսել է Ադրբեջանի կողմից այն պարտավորությունների խախտման մասին, որոնք նա ստանձնել է՝ ըստ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ Դրա վկայությունն են շփման գծում դեկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները։
Խոսքը միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել երկու գյուղերում, որոնք հայկական վերահսկողության տակ են մնացել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում։ Դրանք վերածվել են էքսկլավի, քանի որ ողջ Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ գյուղերի վրա ադրբեջանական ԶՈւ հարձակումն, ըստ Հայաստանի վարչապետի գնահատականի, բացահայտ սադրիչ բնույթ է կրել և Արցախում ռուս խաղաղապահների դերի արժեզրկմանն է ուղղված եղել։
Ինչո՞ւ Արցախի նախագահի հետ հանդիպում չի կայացել
Արայիկ Հարությունյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Որպես պատճառ՝ նա նշել է համանախագահների ոչ լիարժեք կազմը։ Բանն այն է, որ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այս անգամ բացակայում էր։ Իսկ Արայիկ Հարությունյանը Երևանում էր և ժամանել էր հենց համանախագահների հետ հանդիպելու նպատակով։