ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Կիսվել
Կիսվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) փետրվարի 16-ին առանձին-առանձին, այնուհետև միասին հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովին և Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպումն անցկացվել է անվտանգության հարցերով մյունխենյան 53-րդ կոնֆերանսի շրջանակում:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկաայցուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել և իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Համանախագահները կոչ են արել կողմերին նաև խստորեն հետևել 1994-95թթ-ի հրադադարի մասին համաձայնագրերին, որոնք պատերազմական գործողությունների դադարեցման հիմք են հանդիսանում:
Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու մասին հայկական իշխանությունների վերջերս կայացրած որոշումը դրական հումանիտար ժեստ էր:
«Համանախագահները տեղեկացված են 2017թ-ին փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում պլանավորված այսպես կոչված սահմանադրական հանրաքվեի մասին: Չնայած համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններն այդպիսի ընթացակարգի օգտագործումը դիտարկում են որպես բնակչության հասարակական կյանքը ձևավորելու փորձ, նրանք ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հետևաբար համանախագահները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին վերաբերող: Համանախագահներն ընդգծում են նաև, որ արդյունքները ոչ մի դեպքում չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը: Համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել մարտին», — ասված է հայտարարությունում: