Ադրբեջանում հայտնի ակտիվիստ է ձերբակալվել միայնակ ցույցի ժամանակ
Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստ և նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովին, երբ նա, բարձրանալով իր շենքի տանիք, այնտեղ բողոքի միայնակ ցույց էր անցկացնում։ Ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը հունիսի 8–ին Յենի Յասամալ թաղամասում անցկացված ձերբակալությունների վրա սևեռելն է։ 11 մարդ էր ձերբակալվել այն բանի համար, որ այդ շենքում աղբ են նետել ոստիկանական մեքենայի վրա անցած հանգստյան օրերին «կարանտինը խախտածների որսի» ժամանակ։
Ակցիայի պատճառը
Կորոնավիրուսի հետ կապված ահագնացող իրավիճակի պատճառով ադրբեջանական կառավարությունը որոշել է երկիրը «փակել» շաբաթ և կիրակի օրերին։ Տնից կարելի էր դուրս գալ միայն կենսական կարևորության դեպքում, չէին աշխատում մթերային խանութները, տրանսպորտը և անգամ դեղատները։
Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասն ի սկզբանե հրաժարվում էր ենթարկվել իշխանությունների հակավարակային միջոցներին։ Կոշտ «կիրակնօրյա լոքդաունը» վրդովմունք և խուճապ էր առաջացրել։ Չնայած տուգանքների և կալանքների սպառնալիքին, շատերն, անուամենայնիվ, փողոց էին դուրս եկել։ Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր էին հայտնվել, որոնցում երևում են ոստիկանությունից փախչող մարդիկ և դաժան ձերբակալություններ։
Յենի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքում խախտում կատարածի ձերբակալման ժամանակ ոստիկանական մեքենայի վրա պատուհաններից աղբ էին նետել։ Իսկ մեկ օր անց այդ նույն շենքում ոստիկանությունը ձերբակալություններ էր իրականացրել․ ոստիկանները ներխուժում էին բնակարաններ և բռնությամբ դուրս բերում բնակիչներին։
Այդ «պատժիչ գործողությունը» մեծ ռեզոնանս էր առաջացրել հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածի մոտ, ակտիվիստները սկսել էին խոսել, որ ոստիկանությանը պետք է ստիպել ներողություն խնդրել նման պահվածքի համար։
Բողոքի ցույցը
Գիաս Իբրահիմովի խոսքով՝ եթե իր սեփական տանը մարդը չի կարող իրեն ապահով զգալ, ապա բողոքելն էլ պետք է տանը լինի։ Նա բարձրացել էր իր բազմաբնակարան շենքի տանիք բարձրախոսով և հսկայական պաստառով, որի վրա գրված էր՝ «Հերիք է դիմանալ, մի՛ լռիր, դու էլ մի բան ասա»։ Այդ ամենը Ֆեյսբուքում հեռարձակելով՝ ակտիվիստը պարզաբանել էր ակցիայի էությունը․ «Բավական է դիմանալ բռնությանը, պետական տեռորի ամենաթողությանը»։

Գրեթե միանգամից ոստիկանությունը ժամանել էր։ Ակտիվիստը խոստացել էր ցատկել տանիքից, եթե նրանք մոտենան, սակայն մոտ տասը րոպեից նրան, այնուամենայնիվ, ձերբակալել էին և տարել։
Իշխանամետ լրատվամիջոցներն այս իրադարձությունը ձևակերպել էին այսպես․ «Մայրաքաղաքի բնակիչ Գիաս Իբրահիմովը, բարձրանալով իր շենքի տանիք, ապօրինի կոչեր էր հնչեցնում»։ Նրանք հաղորդել էին նաև, որ նրա վերաբերյալ «հետաքննություն է տարվում»՝ «նրա գործողություններին իրավաբանական գնահատական տալու համար»։
Ո՞վ է Գիաս Իբրահիմովը
Գիաս Իբրահիմովը հայտնի է նրանով, որ 2016 թ–ին մյուս ակտիվիստ Բայրամ Մամեդովի հետ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման թմրանյութերի պահպանման մեղադրանքով այն բանից հետո, երբ նախագահ Իլհամ Ալիևի հոր հուշարձանին սադրիչ գրառում էր հայտնվել։ 2019 թ–ին ակտիվիստներն ազատ էին արձակվել՝ ներում ստանալով։