Կզրկվի՞ Գագիկ Ծառուկյանը մանդատից․ որոշելու է Սահմանադրական դատարանը
Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Այս հարցով ՍԴ դիմելու հիմնավորումն այն է, որ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Քննարկման արդյունքում՝ 10 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունվել դիմել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար։
«Նիստին ներկա են եղել 10 պատգամավորներ «Իմ քայլից» և մենք չորսով՝ ԲՀԿ–ից։ Բնականաբար, մենք չորսս էլ դեմ ենք քվեարկել», – լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նիստից հետո լրագրողներին ասել է, որ խորհրդի որոշումը հասկանալի չէ, քանի որ չի ներկայացվել Գագիկ Ծառուկայնի՝ բիզնեսով զբաղվելու ոչ մի ապացույց․
«Կա ընդամենը մեկ վկայություն, որ նա մասնակցել է «Մուլտի գրուպի» մի ժողովի։ Բայց թե ինչ դերով է մասնակցել, ինչ է քննարկել՝ ոչ մի տեղեկություն չկա»։
Այսպիսով, Ծառուկյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին հարցը կքննի Սահմանադրական դատարանը։ Եզրակացությունը կհրապարակվի մեկամսյա ժամկետում: