Բռնաճնշումներ Բելառուսում․ կալանավորվել են TUT.by պարբերականի լրագրողներն ու ողջ ղեկավարությունը
Բելառուսում կալանավորվել են TUT.by խոշորագույն անկախ պարբերականի ղեկավարները, ինչպես նաև մի քանի լրագրողներ։ Կայքն արգելափակվել է։ Իշխանությունը պարբերականին մեղադրում է հարկեր չվճարելու համար։ Բողոքով են հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան և Մինսկում ԱՄՆ դեսպանատունը։
Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, առավոտյան TUT.by-ի կենտրոնական գրասենյակ են եկել ուժայինները և խուզարկել այն։ Խուզարկություններ են իրականացվել նաև TUT.by-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի և նրա տեղակալ Մաքսիմ Գայկոյի բնակարաններում։
Մարինա Զոլոտովան ձերբակալվել է։ Նրանից բացի ձերբակալվել են նաև գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու աշխատակիցները, այդ թվում՝ գրասենյակում գտնվող մի քանի լրագրողներ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 13 մարդ։
- Ռուսական քարոզչական դեսանտը գրավել է Բելառուսը
- Nexta Telegram-ալիքը փաստացի գլխավորել է ցույցերը Բելառուսում։ Ովքե՞ր են դրա թիմում, ու ինչպե՞ս է այն աշխատում
Ինչի՞ համար են մեղադրվում լրագրողները
Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեն հաղորդել է, որ «ՏՈՒՏ ԲԱՅ ՄԵԴԻԱ» ԲԲԸ պաշտոնատար անձանց նկատմամբ Ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտը քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափի հարկերի չվճարման մեղադրանքով։
Մեղադրանքի էությունն այն է, որ TUT.by-ն ապօրինի կերպով օգտվել է հարկային արտոնություններից, որոնք տրամադրում է Բարձր տեխնոլոգիաների պարկը։ Իբր պարբերականը պարկի ռեզիդենտների համար չթույլատրված գործունեություն է վարել՝ եկամուտ ստանալով։
Արձագանքը
«Այսօր մենք բոլորս մեդիայի և TUT.by անկախ պորտալի միտումնավոր ոչնչացման ականատես ենք։ Այն 20 տարի շարունակ բարեխղճորեն բելառուսներին էր հայտնում ազնիվ նորություններ և անկախ մամուլի օրինակ էր»,- հայտարարել է բելառուսական ընդդիմության առաջնորդ, 2020 թ-ի օգոստոսի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն ընտրություններից հետո ստիպված էր լքել երկիրը։
Իր ուղերձում նա իրավիճակը գնահատել է որպես «օկուպացիա»։
«Ես ու իմ թիմն արդեն կապի մեջ ենք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Մենք պահանջում ենք Եվրամիության անհապաղ արձագանքը, անկախ լրատվամիջոցների աջակցության ծրագրի գործարկում, լրագրողների պաշտպանություն և օգնություն՝ ի հեճուկս բռնաճնշումների, աշխատանքը շարունակելու համար»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Նա նաև պատժամիջոցներ է պահանջում «խմբագրության, լրագրողների և բլոգերների հանդեպ բռնաճնշումների համար բոլոր պատասխանատուների նկատմամբ»։
Միացյալ Նահանգները դատապարտում է TUT.by անկախ պարբերականի, դրա լրագրողների և աշխատակիցների չնվազող հետապնդումը Լուկաշենկոյի ռեժիմի կողմից, ասված է Բելառուսում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում։
«Խուզարկությունները Tut.by-ի գրասենյակներում և աշխատակիցների բնակարաններում, որոնք իրականացվում են հարկային զեղծարարության հետաքննման կեղծ պատրվակով, վերջինն են պատժիչ գործողությունների շարքում, որոնք ուղղված են զանգվածային լրատվամիջոցների դեմ, որոնց գլխավոր «հանցանքը» 2020 թ-ի կեղծված ընտրությունների դեմ խաղաղ ցույցերի և ռեժիմի պատասխան բռնի և դաժան գործողությունների անաչառ լուսաբանումն է»,- ասված է հայտարարությունում։
Լրագրողների, ակտիվիստների և պարզապես դժգոհ քաղաքացիների դեմ բռնաճնշումներն ահագնացել են անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած զանգվածային ցույցերի մեկնարկից հետո։ Ընդդիմությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ընտրությունների կեղծման համար և պահանջում նրա հրաժարականը։