Այցելել բժիշկներին առանց հերթի․ Երևանի պոլիկլինիկաներում գրանցման էլեկտրոնային համակարգ է ներդրվում
Երևանի պոլիկլինիկաներում արդեն էլեկտրոնային գրանցման համակարգ է գործում։ Այն դեռևս հասանելի է միայն 13 պոլիկլինիկաներում, սակայն մինչև տարվա վերջ էլեկտրոնային գրանցումը գործելու է մայրաքաղաքի բոլոր 24 բուժհաստատություններում։ Բացի այդ, այժմ հնարավոր է գրանցվել միայն տարածքային թերապևտի կամ մանկաբույժի խորհրդատվություն ստանալու համար։
Ինչպե՞ս է ամեն ինչ աշխատելու
Բժշկին այցելելու գրանցման էլեկտրոնային համակարգն աստիճանաբար սկսել են գործարկել մայրաքաղաքի պոլիկլինիկաներում 2019թ-ի գարնանից։ Օրինակ, մայիսի երեքից բժիշկներին այցելելու նոր ձևից արդեն օգտվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի պոլիկլինիկայի այցելուները։
Նոր համակարգի շնորհիվ՝ հիվանդները կարող են, տնից դուրս չգալով, գրանցվել տարածքային թերապևտի կամ մանկաբույժի այցելության համար իրենց հարմար օրն ու ժամին։ Գրանցումն իրականացվում է աշխատանքային օրերին 09:00-ից 17:00։
Նախքան հիվանդի ընդունելության նշանակված ժամը նրա տվյալներն արդեն կմուտքագրվեն համակարգում, և դա թույլ կտա բժշկին ժամանակ խնայել։
«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում հերթերի և քաղաքացիների արդարացի բողոքների հետ կապված խնդիր է եղել։ Էլեկտրոնային գրանցման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիների համար ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ճանապարհին», — ասել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը։
Հիվանդից պհանջվում է միայն ընդունելությունից մի քանի րոպե առաջ մոտենալ ընդունարան և ստանալ հատուկ կտրոնն և անկետան։ Յուրաքանչյուր քաղաքացու խորհրդատվություն, ենթադրաբար, պետք է տևի է 15-20 րոպե։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցցանցերի օգտատերերը, որոնք դեռ չեն օգտվել բժշկի մոտ գրանցվելու էլեկտրոնային համակարգից, դրական են արձագանքել նորությանն ու գրում են․
«Վերջապե՜ս»։
«Շատ շնորհակալություն։ Դա իրոք շատ հարմար կլինի․ և նյարդերը կխնայենք, և ժամանակը»։
Սակայն նրանք, ովքեր արդեն փորձել են օգտվել նոր համակարգից, բողոքում են, որ իրականում իրավիճակը բոլորովին չի փոխվել․
«Սկզբից պետք է շտկել իրավիճակն այն պոլիկլինիկաներում, որտեղ այդ համակարգն արդեն ներդրվել է, իսկ հետո մյուսներին անցնել։ Շատ վատ է աշխատում համակարգը։ Զանգահարում եմ, որ գրանցվեմ, երկու օր է՝ զանգերին չեն պատասխանում։ Գնում եմ պոլիկլինիկա, ասում են, որ մոտակա երկու օրն ազատ ժամ չկա։ Եվ երբ կտրոն եմ վերցնում հաջորդ օրվա համար և գնում բժշկի, միևնույն է, մեկ-երկու ժամ սպասում եմ։ Ի՞նչ տարբերություն»։
«Նույն հերթերն են։ Եվ դժգոհները նույնիսկ ավելի շատ են»։
«Ոչինչ չի փոխվել։ Մեր պոլիկլինիկայում նույն բանն է․ հերթ ես պահում և սպասում»։
«Փոխեք պոլիկլինիկաների բժիշկներին, որ հնարավոր լինի բժշկի գնալ և ժամերով հերթ չկանգնել»։
«Արդեն վաղուց եմ փորձում գրանցվել և չեմ կարողանում։ Կարո՞ղ է այդպես պատահել, որ հերթդ միայն երեք ամսից հասնի»։
«Հնարավոր է, սա դեռ սկիզբն է, և ամեն ինչ դեռ կշտկվի, սակայն համակարգի աշխատանքը դեռ հեռու է կատարյալ լինելուց»։