Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց
«Ազգայնական երիտասարդության կազմակերպություն» երիտասարդական շարժումը բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում Իրանի դեսպանատան մոտ։ Մասնակիցները դեմ էին արտահայտվում հետապնդումներին, որոնց Իրանում ենթարկվում են էթնիկ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանները։
• Իրանական զբոսաշրջությունը Հայաստանում
Ադրբեջանցիներն Իրանում
Ադրբեջանական էթնոսի հիմնական մասն ապրում է Իրանում՝ ոչ պակաս, քան 15 մլն մարդ (Ադրբեջանի բնակչությունը 10մլն է)։ Այն Իրանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն է՝ 16%-ից ոչ պակաս։
Այդպես է ստացվել, քանի որ 19-րդ դարում Ռուսական կայսրությունն ու Իրանը, դադարելով պատերազմել, խաղաղության պայմանագիր են կնքել և բաժանել տարածքները, որտեղ բնակվում էին ադրբեջանցի թյուրքերը։ Այդ օրվանից սահմանի երկու կողմերում ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ խոսում են վերամիավորման մասին։
Ակցիայի մանրամասները
Բողոքի ակցիայի մասնակիցները բանաձև կարդացին, որում ասվում էր, որ վերջին ժամանակներս Իրանի կառավարությունն ուժեղացրել է էթնիկ ադրբեջանցիների ազգային-մշակութային իրավունքների համար պայքարողների վրա ճնշումը։ Մասնավորապես, խոսքն Աբաս Լիսանիի, Կազիմ Սաֆաբախշեի և այլ ակտիվիստների մասին է, որոնք իրենց գործունեության համար դատապարտվել են տարբեր չափի ազատազրկման։
Ակցիան առանց միջադեպերի է անցել։ Ոստիկանությունը ներկա էր, սակայն ցուցարարներին չէր ցրում, ինչն անսովոր է Ադրբեջանի համար։
Դեսպանատան աշխատակիցներն ակցիային ոչ մի կեպ չէին արձագանքում։
Սա առաջին նման ակցիան չէ, որը կազմակերպվել է «Ազգայնական երիտասարդության» կողմից։ Վերջին անգամ նրանք դեսպանատան մոտ էին հավաքվել 2019թ-ի մարտին։
Հայրենակիցների իրավունքների խախտումից բացի, ազգայնական երիտասարդությունն Իրանին մեղադրում է նաև Հայաստանի հետ համագործակցության համար, որի հետ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի պատճառով չլուծված հակամարտություն ունի։
Ադրբեջանաիրանական պաշտոնական հարաբերությունները
Ադրբեջանն ու Իրանն իրենց հարաբերությունները պաշտոնապես բարեկամական են անվանում։
Սակայն Ադրբեջանի տնտեսական կապերն Իրանի հետ այնքան սերտ չեն, որքան, ասենք, Թուրքիայի հետ։
Բացի այդ, իրանական և ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը չեն համընկնում մի քանի կարևոր հարցերի առումով, օրինակ, Իրանի և Հայաստանի, Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ համագործակցությունն ու ուժեղ կապերը, որի հետ Իրանը վատ հարաբերություններ ունի։ Բացի այդ, Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, որտեղ իշխանությունները կոշտ կերպով ճնշում են արմատական իսլամի ցանկացած ակնարկ, իսկ Իրանն իսլամական հանրապետություն է, որտեղ կրոնն ու պետությունը միասնական են։