Իրանական զբոասաշրջությունն աննախադեպ աճ է արձանագրել " />

Իրանացիներին ինչի՞ համար է պետք Հայաստանը

Իրանական զբոասաշրջությունն աննախադեպ աճ է արձանագրել

Հայաստանը գնալով ավելի շատ է հետաքրքրում իրանցի զբոսաշրջիկներին

Գաղտնիք չէ, որ հիմա ամենալավ ժամանակները չեն՝ Հայաստանի և տարածաշրջանի երկրների տնտեսությունների համար։ Հիմնականում արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով՝ 2016 թվականը Հայաստանի համար այնքան էլ հաջող չդասավորվեց. տնտեսական աճը նախատեսված 2.1%-ի փոխարեն կազմեց 0.5%, տարվա ընթացքում նվազեցին արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները), նվազեցին օտարերկրյա ներդրումները, պետական պարտքը աճեց և այլն։

Այս ամենի ֆոնին բավականին զարմանալի էր տեսնել, որ կա ցուցանիշ, որը կտրուկ աճ է ունեցել։ Կարելի է ասել՝ ռեկորդային աճ։ Խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի դինամիկային։ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Իրանից Հայաստան են այցելել ավելի քան 160 հազար զբոսաշրջիկներ, իսկ տարվա կտրվածքով այդ թիվը կմոտենա 190 հազարին։ Նման քանակով իրանցի զբոսաշրջիկներ Հայաստանը նախկինում չէր ընդունել։ Արդյունքում, Իրանը այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերներն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ՝ շրջանցելու Ռուսաստանին։

Իրանական տուրիզմի պատկերը

Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին 15 տարիների ընթացքում աճել է։ Համեմատության համար նշենք, որ եթե 2000-ականների սկզբին Հայաստան էին այցելում տարեկան միջինը 7-8 հազար իրանցիներ, ապա 2015-ին այդ թիվը 140 հազարից մեծ է եղել, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին, ինչպես նշեցինք, արդեն 160 հազար է։

• Հայաստանը կդառնա տարանցիկ ճանապարհ՝ Իրանի ու Եվրասիական տնտեսական միության երկրների միջև

• Հայ-իրանական սահմանին բացվել է տնտեսական ազատ գոտի

• Կյանքը հայկական գյուղում, ուր նախկինում ադրբեջանցիներ էին ապրում

• Հայաստան-Ռուսաստան. գազով տաքացվող հարաբերություններ

Գծապատկեր 1-ում ներկայացված է Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2009-2016թթ. ընկած ժամանակահատվածում։ Ինչպես տեսնում եք, ներհոսքը ունի ցիկլային բնույթ։ Իրանցի զբոսաշրջիկների հոսքը մինչև 2011 թվականը աճել է և հասել 134 հազարի (ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների), որից հետո՝ 2012-2013թթ. նվազել է։

Աճի հաջորդ փուլն սկիզբ է առել 2014 թվականից և շարունակվում է մինչ այժմ։

ARM-01

Ընդ որում, իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի դինամիկան չի համապատասխանում Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվի փոփոխությանը։ Որպեսզի ասվածը ավելի հասկանալի լինի, մենք կազմել ենք Գծապատկեր 2-ը, որտեղ երևում է թե որքան է աճել (նվազել) բոլոր երկրներից և Իրանից ժամանած զբոսաշրջիկների հոսքը։

ARM-02
Ինչպես տեսնում եք, 2010 թվականին ՀՀ զբոսաշրջության ընդհանուր ներհոսքը աճել է 19.5%-ով, իսկ Իրանից ժամանողներինը՝ 37.9%-ով։ 2011 թվականին աճի տեմպերը գրեթե հավասարվել են։ Իսկ 2012 և 2013 թվականներին իրանցի զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է, համապատասխանաբար, 17.2%-ով և 15.3%-ով՝ մինչդեռ այլ երկրների հաշվին զբոսաշրջիկների հոսքը այդ տարիներին աճել է։ 2012-2013թթ. իրանական տուրիստների դանդաղումը հիմնականում պայմանավորված էր Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներով։ Տարեկան այցելությունների թիվը այդ ժամանակահատվածում նվազեց տարեկան միջինը մինչև 50-55 հազար մարդ։ Ընդ որում, իրանական տուրիզմը այդ փուլում նվազել է ոչ միայն դեպի Հայաստան, այլ նաև այլ երկրների ուղղությամբ։

Աճի երկրորդ փուլը սկսել է 2014 թվականից. Իրանից զբոսաշրջիկների հոսքը աճել է 17%-ով, ընդհանուր հոսքը՝ 16.6%-ով։

Իսկ 2015 և 2016 թվականներին իրանական տուրիզմի աճի տեմպը սկսել է առաջանցիկ աճ ապահովել՝ տարեկան 30%։ Մինչդեռ ընդհանուր զբոսաշրջության աճի տեմպը դանդաղել է և 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել 3.6% (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։

Վերջին 3 տարիների փոփոխությունների արդյունքում՝ Իրանի տեսակարար կշիռը Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ կրկին աճել է և 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հասել 16.5%-ի (2013 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 9.8%)։

1
Ավելին ասենք, եթե հիմք ենք վերցնում Հայաստանի հյուրանոցներում և նման օբյեկտներում հաշվառված զբոսաշրջիկների թիվը, ապա Իրանի տեսակարար կշիռը 18.2% է և այն ՀՀ այցելող զբոսաշրջիկների երկրորդ աղբյուրն է իր մեծությամբ՝ Ռուսաստանից հետո (19.2%)։

Ընդ որում, այս նույն “հյուրանոցային” ցուցանիշով՝ Իրանի կշիռը 2015 թվականի հունվար-սեպտեմբերին 10.5% էր։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հայաստանյան հյուրանոցներում և նմանատիպ օբյեկտներում հանգրվանած իրանցի զբոսաշրջիկների թիվը 87.4%-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Սա նշանակում է, որ եթե իրանցի զբոսաշրջիկների աճի տեմպը պահպանվի, ապա Իրանը կշրջանցի Ռուսաստանին և կդառնա Հայաստանի թիվ 1 զբոսաշրջային գործընկերը։

ARM-03
Իրանական տուրիզմի առանձնահատկությունները. ինչու են իրանցիները գալիս Հայաստան

Իրանցիներին Հայաստան բերող գլխավոր առիթը Նովրուզ-Բայրամ տոնն է (իրենց ամանորը)։ Այն սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։ Պատճառն այն է, որ Իրանում կրոնով պայմանավորված արգելքները շատ են, իսկ Հայաստանում նման արգելքներ չկան։ Հայաստանում այդ օրերին իրանցիներին կարելի է հանդիպել ամենուր՝ թանգարաններից սկսած մինչև գիշերային ակումբներ։ Իհարկե, Եվրոպան այդ առումով թերևս ավելի նախընտրելի կլիներ, սակայն Հայաստանը մոտ է, և իրանցիների մի զգալի մասը գալիս են իրենց սեփական մեքենաներով։

Սակայն իրանցի զբոսաշրջիկների հոսքը շարունակվում է նաև տարվա մյուս ամիսներին։ Վերջին տարիներին գրանցված աճը, ըստ տուրօպերատորների, մի քանի պատճառներ ունի։ Օրինակ՝ «Տաթև» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Նվեր Դավթյանի կարծիքով՝ իրանցի զբոսաշրջիկների աճը մասամբ պայմանավորված է Թուրքիայի գործոնով։ Նախկինում իրանական տուրիստական ներհոսքը դեպի Թուրքիա բավականին մեծ էր՝ տարեկան մինչև 2 մլն զբոսաշրջիկ։ Սակայն թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը մի կողմից, և Թուրքայում հաճախակի դարձած ահաբեկչությունները մյուս կողմից, սկսել են անհանգստացնել իրանցի զբոսաշրջիկներին։

Տուրօպերատորի խոսքով՝ նրանց մի մասը Թուրքիան փոխարինել է Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով, քանի որ. «Գերադասում են մոտ երկիր, անվտանգության առումով հարմար երկիր»:
Բնական է, որ Վրաստանը Հայաստանի համար մրցակից է՝ իրանցի զբոսաշրջիկներին ներգրավելու առումով։ Վրաստանի գլխավոր առավելությունը Հայաստանի նկատմամբ ծովն է, սակայն Հայաստանը այլ առավելություններ ունի՝ նախ ավելի մոտ է, և երկրորդ՝ պարսկալեզու սերվիսը Հայաստանում ավելի լավ է զարգացած, իրանցիներն այս առումով ավելի հարմարավետ են զգում իրենց:

Կոնկրետ 2016 թվականի ընթացքում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճի հարցում դեր են խաղացել ևս 2 գործոն։ Նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, որն այդ երկրին թույլ տվեց լրացուցիչ ֆինանսական հոսքեր ստանալ (արտարժույթով)։

Իսկ երկրորդ գործոնն այն է, որ 2016 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը (համապատասխան հուշագիրը ստորագրվել էր հունիսի 5-ին)։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Իրանի քաղաքացիները ազատվում են այցելության վիզաներից, եթե 180 օրյա ժամկետում հարևան երկրում գտնվում են ոչ ավել, քան 90 օր:

5
Իհարկե, այս գործոնների ամբողջական ազդեցության մասին դեռ վաղ է խոսել, սակայն դրանք միանշանակ նպաստում են իրանցիների ներհոսքի աճին։

Կան, նաև, խանգարող հանգամանքներ։ Օրինակ, իրանցիները պատժամիջոցների պատճառով դեռևս չեն կարողանում Visa և Mastercard քարտերի օգնությամբ առցանց հյուրանոցներ ամրագրել Հայաստանում։ Այս խնդրի մասին դեռ 2016-ի սկզբին բարձրաձայնել էր հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող  armhotels.am կայքի տնօրեն Աշոտ Նազարյանը։

Իրանցիների հետ զրույցներից մեզ հաջողվեց պարզել, որ այդ խնդիրը դեռ առկա է, սակայն առաջիկա ամիսներին հնարավոր է, որ լուծվի։ Իրանցիները, որոնք չցանկացան ներկայանալ, դժգոհեցին, որ հայաստանյան բանկերը հրաժարվում են Իրանի քաղաքացիների համար հաշիվներ բացել՝ խուսափելով խնդիրներից։ Ներկայումս, Հայաստանում գտնվող իրանցիներին սպասարկում է միայն իրանական կապիտալով աշխատող “Մելլաթ” բանկը։

Այլ դժգոհություններ էլ կան՝ ենթակառուցվածքների հետ կապված։ Սեփական մեքենաներով Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկները դժգոհում են Հայաստանի  ճանապարհների որակից և ճանապարհային նշաններից / ցուցանակներից։ Դրանք հարմարեցված չեն օտարերկրացու համար և դժվար է կողմնորոշվելը (Վրաստանում այդ առումով իրավիճակը շատ ավելի լավ է)։ Իսկ առանց սեփական մեքենայի այցելող իրանցիներին մտահոգում է տաքսիստների վերաբերմունքը, որոնք առիթից օգտվելով՝ նույն հեռավորությունն անցնելու համար կարող են մի քանի անգամ ավելի մեծ գումար պահանջել։

Թվում է, մանրուքներ են։ Սակայն ինչպես ասում են՝ ամենկարևոր բաները թաքնված են մանրուքների մեջ։ Սա նշանակում է, որ իրանական տուրիզմը Հայաստանի համար չիրագործված մեծ պոտենցիալ ունի, սակայն դրա համար աշխատանք է պետք տանել։


Կարդալ ավելին JAMnews-ում