Բարսելոնա․ դաժան բախումներ ոստիկանության հետ 1,5 մլն մարդու մասնակցությամբ հինգ խաղաղ երթերից հետո
Հոկտեմբերի 15-20-ը Բարսելոնում արդեն հինգ խաղաղ երթ է անցկացվել, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
Նրանք պահանջել են փոխել Իսպանիայից Կատալոնիայի անկախացման համար պայքարի ինն առաջնորդների դատավճիռները, որոնք դատապարտվել են ազատազրկման մեծ ժամկետներով՝ 9-11 տարի։
Իշխանությունները չեն կատարել ցուցարարների պահանջները։
Արդյունքում՝ Բարսելոնի փողոցները վերածվել են մարտադաշտի, հաղորդում է Բի-Բի-Սին։ Փողոց են դուրս եկել ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր մարդիկ, և նրանք արդեն բնավ խաղաղ չեն տրամադրված։
• Ինչո՞ւ է Արևմտյան Եվրոպան կարծում, որ Կատալոնիան չի կարող անկախանալ ի հեճուկս Իսպանիայի ցանկության
• Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները «Թավշյա հեղափոխությունից» հետո։ Ինչո՞ւ բեկում չեղավ
Ցույցերի մասնակիցներն այրում են աղբատարները, քաղաքային իշխանությունները հաղորդել են, որ մարվել է արդեն 700 նման հրդեհ քաղաքի կենտրոնում։
Ցուցարարները սկսել են «Մոլոտովի կոկտեյլներ» կիրառել։ Ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։
Կատալոնիայի մայրաքաղաքում տնտեսական կյանքը գրեթե պարալիզացվել է համընդհանուր գործադուլի պատճառով։
Ծառերը, մայթերն ու լուսաֆորները կոտրված են կամ այրված։ Ընդհանուր վնասը գնահատվում է արդեն ավելի քան 1,5 մլն եվրո։
Բարսելոնի և դրա մերձակայքի տասնյակ փողոցներ ամբողջությամբ փակ են։
Նոր անկարգությունների մտավախության պատճառով չեղարկվել է el classico-ն՝ «Բարսելոնա» և Մադրիդի «Ռեալ» ակումբների միջև ֆուտբոլային խաղը։ Այն պետք է կայանար հոկտեմբերի 26-ին Բարսելոնում։
________________________________________
Կատալոնյան դրաման սկսել է ծավալվել երկու տարի առաջ՝ 2017թ-ին։ Այն ժամանակ տեղի խորհրդարանը դրա խոսնակ Կարլես Պուչդեմոնի գլխավորությամբ Իսպանիայից Կատալոնիայի անկախություն հռչակելու փորձ ձեռնարկեց, որն իսպանական իշխանություններն ապօրինի անվանեցին։
Անջատողական շարժման առաջնորդները որոշ ժամանակ արտասահմանում էին թաքնվում, այնուհետև վերադարձան երկիր և դատապարտվեցին ազատազրկման տարբեր ժամկետների։ Դա բողոքի և անկարգությունների նոր ալիք բարձրացրեց Բարսելոնում։
Ըստ իսպանական օրենսդրության՝ այն բանտարկյալները, որոնք կատարում են պահանջները, կարող են բանտը լքել օրվա ընթացքում և պետք է այնտեղ վերադառնան միայն գիշերեկու համար։ Դեռ հայտնի չէ, արդյոք այդ պայմանները կտարածվեն անջատողական շարժման բանտարկված առաջնորդների վրա։