Հայաստանում ամառային զորակոչը տեղի է ունենալու՝ չնայած կորոնավիրուսի համավարակին
Հայաստանում որոշվել է չչեղարկել ամառային զորակոչը կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Որպես անվտանգության միջոց պաշտպանության նախարարությունը հատուկ կանոններ է մշակել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Զորակոչը տեղի է ունենալու հուլիսի 1–ից մինչև օգոստոսի 30–ը։ Սակայն մայիսի 1–ից կսկսվի զորակոչի նախապատրաստական փուլը։
Ինչպե՞ս է անցկացվելու զորակոչը
Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։
Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց զինկոմիսարիատների տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։ Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինությունները։
Այս տարի զինվորների ծնողները զորակոչի և վիճակահանության ընթացքին կհետևեն ոչ թե կենտրոնական հավաքակայանի շենքում, ինչպես նախկինում էր, այլ տեսակապի միջոցով։ Վիճակահանության ընթացքում յուրաքանչյուր զորակոչիկ ինքն իր ձեռքով հանում է զորամասի համարը, որում ծառայելու է։
Ընդ որում, այս անգամ վիճակահանությունը նույնպես անցկացվելու է կենտրոնական հավաքակայանից դուրս՝ բացօթյա տարածքում։
Կսահմանափակվեն շփումները զորակոչիկների և Զինված ուժերի անձնական կազմի միջև։
Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն կարանտինի համար առանձնացված տարածքում, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։
Կորոնավիրուսը հայկական բանակում
Ավելի վաղ հայտարարվում էր վեց զինվորականների մասին, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրանք բոլորը ծառայել են միևնույն զորամասում։
Պատմությունը սկսվել էր զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի, այնուհետև հենց նրա մոտ կորոնավիրուսի ախտորոշումից։ Պաշտպանության նախարարն այն ժամանակ հաղորդեց, որ վարակվածի բոլոր ծառայակիցներն արագ մեկուսացված են եղել, և դա զգալիորեն կրճատել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Հայկական բանակում կորոնավիրուսով վարակման մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է ապրիլի 13–ին։ Այն ժամանակ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը հաղորդել է, որ վեց զինվորները, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, ապաքինվել են և վերադարձել ծառայության։