«Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք
Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները նախօրեին հայտնեցին՝ Հայաստանի վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ որոշել է «սառեցնել» իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից պարզաբանել են՝ Գալստանյանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է միայն եկեղեցական և վարչական ծառայությունը։
Սահմանազատման դադարեցման և գործող վարչապետի հրաժարականի պահանջով շարժումը ՀՀ ղեկավարի իր թեկնածուի անունը մինչ այս պահը չէր հայտարարում։ Բագրատ Սրբազանն էլ նշում էր՝ քննարկվում են «սիրելի և չսիրված անուններ», հավելում էր, որ վարչապետ դառնալու հավակնություններ չունի։
«Հավասարարժեք թեկնածու չկարողացան գտնել, որոշում կայացրին Սրբազանին առաջադրել, ինչը և՛ քաղաքական տեսակետից, և՛ հոգևոր տեսակետից, և՛ առհասարակ բարոյական տեսակետից ճիշտ որոշում չէր»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Շարժման որոշումների և Երևանում բողոքի ակցիաների մասին, նաև քաղաքագետի մեկնաբանություն
Չնայած հումանիտար աղետին՝ հավաքը չչեղարկվեց
Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ Դեբեդ և Աղստև գետերի վարարած ջրերը դուրս են եկել հունից, ճանապարհներին, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում կան փլուզումներ, մարդիկ են զոհվել։
Սակայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չչեղարկեց սպասվող հանրահավաքը։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն ու աջակցություն հայտնեց Լոռու ու Տավուշի բնակիչներին Երևանից և նրանց հորդորեց չմասնակցել հավաքին, քանի որ «իրենց առաքելությունն այսօր իրենց տներում է»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության փոխանցմամբ՝ հանրահավաքի մեկնարկից մեկ ժամ անց՝ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23․100 մարդ:
Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «վճռական փուլը»
Հանրահավաքի ընթացքում այդ մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արձագանքելով իշխանության պնդումներին, թե շարժումը մարել է, հոգևորականը նկատել է՝ «այն չի մարել, այլ ավելի է բյուրեղացել ու նպատակային դարձել»։
Խոսելով վարչապետի թեկնածուի մասին՝ նա նշել է, որ այդ անձը պետք է լինի վերկուսակցական։ Նրա փոխանցմամբ՝ նոր վարչապետը պետք է ձևավորի անցումային կառավարություն՝ ունենալով հստակ օրակարգային ուղղություններ։
«Նոր կառավարությունը պետք է ձգտի խաղաղության՝ իրական, կայուն արժանապատիվ և երկարաժամկետ, ուժի և սպառնալիքի կիրառման բացառմամբ, կարգավորի մարդասիրական խնդիրները՝ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված»,- հայտարարել է նա։
Գալստանյանի խոսքով՝ խաղաղության ապահովմանը միտված բանակցությունները պետք է ներառեն նաև արցախցիների անվտանգ վերադարձի և պաշտպանության խնդիրները։
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ըստ նրա, դա պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո: Ասում է՝ կնախապատրաստվեն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դրանց ազատ և թափանցիկ լինելը կերաշխավորի անցումային կառավարության ղեկավարը, որը, սակայն, դրանց մասնակցելու հավակնություններ չի ունենա։
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել էին դեպի կառավարական ամառանոց։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել և խոսել նրա՝ «խաղաղ անցնցում հեռանալու մասին»։
Ցուցարարները մի որոշ ժամանակ մնացել էին ամառանոցի դիմաց, որտեղ կենտրոնացած էին նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Այնուհետև վերադարձել էին Հանրապետության հրապարակ։ Հավաքի մասնակիցներին կառավարական առանձնատուն ուղղորդելը քննադատել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հիշեցնելով, որ վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է․ «Կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն [Բագրատ] Գալստանյանին սա քաջ հայտնի է։ Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի, քան սադրելը։
Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը
Շարժման մասնակից, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտնել է՝ վարչապետի իրենց թեկնածուն հենց Բագրատ Սրբազանն է։ Նա նշել է՝ այդ հարցում միակարծիք են եղել մինչ այս կայացած բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցները։
Մայիս ամսվա ընթացքում շարժման անդամները պարբերաբար հանդիպում էին տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ, այցելում բուհեր, միություններ․
«Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փոխանցմամբ՝ ինքը Ամենայն Հայոց կաթողիկոսին և հոգևոր եղբայրներին խնդրել է «սառեցնել իր 30-ամյա ծառայությունը և պատրաստվում է անձնական պատասխանատվություն ստանձնել ողջ ընթացքի համար»։
Ընդամենը երկու օր առաջ ինքը՝ Գալստանյանն ասել էր, թե տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ խնդրում են, որ նրանք ներկայացնեն երեքական թեկնածուներ՝ «մարդիկ, ովքեր և՛ հարգանք ունեն տվյալ ոլորտում, և՛ ներդրում ունեն, և՛ վստահելիություն, մարդիկ, որոնք զարգացման տեսիլք ու հնարավորություն ունեն» և ընդգծել՝ «այլ մեթոդ չունենք»։
«Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն անօրինական է»
Հոգևորականի թեկնածության մասին նման կարծիք է հայտնել խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․
«Բագրատ Սրբազանը համարվում է նաև Կանադայի քաղաքացի, հետևաբար, իրեն ինչ էլ հռչակեն-չհռչակեն, ինքը օրինական և իրավական հիմք չունի՝ այդ կարգավիճակը կրելու»։
Սահմանադրության համաձայն՝ վարչապետ կարող է դառնալ այն անձը, ով վերջին 4 տարիներին հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն՝ նույնիսկ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում Գալստանյանի թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմությունը կարծում է, որ հանրային ճնշման արդյունքում նման սցենար հնարավոր է։
Աղազարյանն ընդգծել է՝ պետք չէ հույսեր փայփայել, թե «ինչ-ինչ հանգամանքների բերումով պետք է քվերակեն նման անօրինական որոշման օգտին»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջև երկխոսությունն ավարտված է․
«Մի կողմը պահանջում է մյուս կողմի հրաժարականը, մյուս կողմը արհամարհում է այդ պահանջը, և այդքանով, այսպես կոչված, երկխոսությունն ավարտվում է»։
Անհնազանդության ակցիաներ Երևանում
Մայիսի 27-ի վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են իրականացնում, փակում կենտրոնական մի շարք փողոցներ։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 273 անձ։
Անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին հայտարարվել էր մայիսի 26-ին։ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասել էր՝ «իշխանությանը ստիպելու ենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Բագրատ Սրբազանի թեկնածությունը սխալ ճանապարհ էր․
«Ինչ է նշանակում սառեցնել, ոնց կարելի է։ Դա պայմանագի՞ր է Աստծո հետ կնքված, ի՞նչ է, որ կարող եք սառեցնել կամ ապասառեցնել։ Բարոյականության հետ կապված էլ խնդիրներ կան»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ շարժումն արդեն իսկ մարել է, ուստի չի կարող խոսք գնալ հանրային ճնշման արդյունքում Սրբազանին վարչապետ դարձնելու մասին․
«Համազգային վերելք պետք է լինի, որ Սահմանադրությունն իմպերատիվ չլինի։ Իսկ այս շարժման մեջ համազգային վերելք չկա»։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ այլևս չի հայտարարվում վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, անիրագործելի՞ են համարում։
«Հիմա այնտեղ ներգրավված ուժեր կան, որոնք նաև խորհրդարանում մանդատներ ունեն, չէ՞։ Եթե մանդատները վայր դնեն, խորհրդարանը ավտոմատ կցրվի։ Ինչո՞ւ չեն վայր դնում։ Նշանակում է՝ պատեհապաշտներ են»,- պատասխանել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ գործ ունենք դասական ընդդիմություն կոչվածից հեռացած իրողությունների, ծայրահեղական, մարգինալացված ուժերի հետ, որոնց իրական օրակարգն այն չէ, ինչի մասին հայտարարում են․
«Կարդացեք նրանց պահանջները, որոնք հրապարակել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Կտեսնեք, որ քաղաքական առևտուր են անում։ Մարգինալացրել են, ժողովրդին հանել են փողոց, որ իրենց սիտուատիվ, մերկանտիլ շահերը սպասարկեն»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե մինչ օրս «ընդդիմադիր արքեպիսկոպոսի գլխավորած ճակատը առաջ է քաշել 3 առանցքային պահանջ»։ Դրանք են՝
- «չկատարել կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ (ԵՄ-ին անդամակցության թեկնածության հայտ չներկայացնել),
- չեղարկել «Ակադեմիական քաղաք» նախագիծը,
- եկեղեցուն վերադարձնել Մատենադարանը, Էջմիածին, Մուղնի, Եղվարդ, Օշական «գյուղերը»»։
Ալեքսանյանը ընդգծել էր․ «Ամբողջ պատմությունը սրա մասին է, իսկ Ոսկեպարով՝ Արցախ, կամ Կիրանցով՝ Էրզրում ոճի կենացներն ու ամենօրյա հայհոյախոսությունը ոստիկանների հասցեին, անիմաստ աղմուկ են, որպեսզի շարժման հասարակ մասնակիցները ընդհանուր աղմուկի մեջ չֆիքսվեն առանցքային պահանջների վրա»։
Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հեռանկարների մասին՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նկատել է՝ «ոչ մի զարգացում էլ չի կարող լինել»։ Ըստ նրա՝ «անկարգները կպատժվեն, մնացածն էլ կհասկանան, որ սա այն քաղաքական իրողությունը չէր, որին կարելի էր մասնակցել»։ Շեշտում է՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար նոր ուժեր են պետք, հին ուժերը ընդդիմադիր շարժումներ չպետք է գլխավորեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու