Ինչպե՞ս մուտք գործել Արցախ․ նոր կանոններ
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն ներկայացրել է հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի թարմացված կանոնները։ Ինչպես փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը, մուտքի կանոնները փոխվել են՝ ելնելով հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության ապահովման նկատառումներից։
- Արցախյան երկրորդ պատերազմից հետո․ հոգեբանական հաղթահարման փուլ
- Արցախ․ ի՞նչ է սպասվում «նոր» ու «հին» փախստականներին
Արցախում մասշտաբային ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Այն տևել է 44 օր և ստացել «արցախյան երկրորդ պատերազմ» անվանումը։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից համատեղ հայտարարության ստորագրմամբ։
Այժմ բոլոր օտարեկրյա քաղաքացիները, որոնք ուզում են Արցախ գալ, պետք է սկզբից դիմեն ԼՂՀ ԱԳՆ՝ մուտքի թույլտվություն ստանալու համար։ Ընդ որում, այս ընթացակարգը տարածվում է ինչպես օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնց մուտքի վիզա է անհրաժեշտ, այնպես էլ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ։
Մուտքի մասին դիմումների վերաբերյալ տեղեկությունները ԼՂՀ իշխանությունները կներկայացնեն նաև ռուս խաղաղապահներին՝ անվտանգության ապահովման համար։
«Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ», — ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. եթե գործընթացն ավելի երկար տևի, դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին հավելյալ կտեղեկացվի այդ մասին։
Մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ այս մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում, սակայն վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արցախյան երկրորդ պատերազմից առաջ մուտքի թույլտվություն արտասահմանցիներին տրամադրվում էր տեղում՝ ԼՂՀ սահմանը հատելիս։
Նոր կանոնների մասին հայտարարությունը հայտնվել է սոցցանցերի հայկական տիրույթում սկսված ակտիվ քննարկումներից այն մասին, թե պատերազմից հետո Արցախ մուտք գործելու համար արտասահմանցիները պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան։