Ադրբեջանի արտգործնախարար․ «Մենք թևակոխել ենք խաղաղ համակեցության փուլ»
«Բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ կարող է գործարկվել կենսական կարևորություն ունեցող անկախ ցամաքային միջանցքը», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ պետությունների արտգործնախարարների 42-րդ նիստին։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍՏՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Մերձսևծովյան և Հարավային Բալկանների 12 պետություն (Հայաստան, Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա)։ Հիմնադրվել է 1999 թ-ի մայիսի 1-ին։ Քարտուղարությունը տեղակայված է Ստամբուլում։
«Հակամարտությունները, երկարատև արտաքին օկուպացիան և պատասխանատվության բացակայությունը սպառնալիքի տակ են դնում խաղաղությունն ու անվտանգությունը։ Դա խոչընդոտում է նաև տարածաշրջանային համագործակցությանը: Մեծ բավականությամբ ցանկանում եմ խորհրդին հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարությունը նոր էջ է բացել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։
Մենք թևակոխել ենք հակամարտության կարգավորման նոր փուլ, վերակառուցման և վերականգնման, խաղաղ համակեցության վերականգնման փուլ։ Զարգացման և համագործակցության համար նոր հնարավորություններ են հայտնվում, ՍՏՀԿ-ն պետք է գնահատի նոր իրողություններն ու դրանցից օգուտ քաղի։ Ինչպես արտացոլված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարությունում, բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ կարող է գործարկվել կենսական կարևորություն ունեցող անկախ ցամաքային միջանցքը, որը հնարավորություններ կստեղծի Ասիայի և Եվրոպայի միջև առևտրում մեր տարածաշրջանի դերի ուժեղացման համար», — նշել է Բայրամովը։