ՀՀ-ում բնակապահովման հարցում աջակցություն է ստացել շուրջ 10 հազար ընտանիք
Աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքներին ՀՀ-ում
Հայաստանի կառավարությունը ևս 600 միլիոն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի շարունակականության ապահովման համար։ Որոշումն ընդունվել է այսօր՝ գործադիրի հերթական նիստի ընթացքում։
Այս ծրագրի շրջանակում պետությունն աջակցություն է տրամադրում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Ծրագիրը երկրում գործարկվել է 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով։ Հաշվի առնելով դրա արդյունավետությունն ու մեծ պահանջարկը՝ 2024 թ․-ի տարեսկզբին երկարաձգվել է ևս 2 տարով։
«Ընդհանուր առմամբ՝ ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ և վճարվել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար»,- նիստի ընթացքում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Վճարման ենթակա է շուրջ 600 հայտ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ արդեն իսկ հաստատվել և վճարման է սպասում 290 հայտ, ևս 300 հայտ դեռևս գտնվում է մշակման փուլում։
Անդրադառնալով ծրագրի պահանջարկին՝ նախարարը նկատել է՝ վերջին տարիներին պահպանվել է դիմելիության բարձր մակարդակը։ Օրինակ է բերել նախորդ տարվա ցուցանիշը․
«Ծրագրի շրջանակում 2023 թվականին աջակցություն է ստացել 827 շահառու, վճարվել է շուրջ 552 միլիոն դրամ»։
Ստացվում է՝ այս տարվա միայն մեկ եռամսյակի համար կառավարությունը հատկացնելու է ավելի շատ գումար, քան պետք է եղել 2023 թ․-ի ողջ ընթացքի համար։
Ի՞նչ է ենթադրում տրամադրվող աջակցությունը
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության (2024-2026թթ․) ծրագիրն ունի 2 բաղադրիչ՝
- տրվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
- հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Ծրագրի առաջին բաղադրիչից օգտվելու համար ընտանիքը պետք է ունենա 2024 թ․-ի հունվարի 1-ից հետո տրամադրված հիփոթեքային վարկ և առնվազն 2 անչափահաս երեխա։ Պարտադիր պայման է, որ ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։ Բացի այդ, բնակարանի կամ տան արժեքը չպետք է գերազանցի 35 մլն դրամը։
Երկու երեխայի դեպքում տրվելու է մինչև 1 մլն դրամ, երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ, իսկ չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ աջակցություն։
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար ընտանիքը պետք է ունենա առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ (ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրը)։ Տան արժեքը չպետք է գերազանցի 35 մլն դրամը, այլ բնակելի անշարժ գույք դիմողները չպետք է ունենան։ Անհրաժեշտ է դիմել նախքան երեխայի 1 տարին լրանալը։
Առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մայր գումարից կմարվի մինչև 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
«Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով»,- տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքներին ՀՀ-ում